Ադրբեջանի Միլլի մեջլիսը արձագանքել է Եվրախորհրդարանի նախօրեին ընդունած բանաձեւին, որն անդրադառնում էր Ադրբեջանում մարդու իրավունքներին եւ միջազգային իրավունքին առնչվող բոլոր հիմնական խնդիրներին, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերություններին։
Տարածված պատասխան հայտարարության մեջ Մեջլիսը նշում է, որ ընդունված նման բանաձեւով Եվրախորհրդարանը որոշել է ցույց տալ իր «հակաադրբեջանական էությունը»։
«Մի քանի թղթի վրա ներկայացված են փաստեր՝ հիմնված Ադրբեջանի հասցեին կեղծ տեղեկատվության, անհեթեթ պնդումների, մեղադրանքների, սպառնալիքների եւ պահանջների վրա։ Բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում մեր երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ, փորձ է արվում միջամտելու մեր ներքին գործերին։ Միաժամանակ առանձնահատուկ մտահոգություն է դրսեւորվում Հայաստանի նկատմամբ, խրախուսվում է նրա զինումը՝ դրանով իսկ դրսեւորելով լուրջ նախաձեռնություն՝ ուղղված այս երկրում ռեւանշիստական միտումների ամրապնդմանը եւ տարածաշրջանում հակամարտությունը վերսկսելուն»,- ասվում է Ադրբեջանի խորհրդարանի հայտարարության տեքստում։
Բաքվի գնահատմամբ՝ նման փաստաթուղթը հետաքրքրություն է ներկայացնում «ադրբեջանաֆոբ», «թուրքաֆոբ» եւ «իսլամաֆոբ» ուժերի էությունը հասկանալու տեսանկյունից։
Բացի այդ՝ Մեջլիսը բանաձեւը համարում է Եվրախորհրդարանում խոր արմատացած կոռուպցիայի եւ կաշառակերության ծանր հետեւանք, որը կառուցված է Ֆրանսիայի, Հայաստանի եւ հայկական լոբբիի «կեղծ պատմությունների» վրա։
Ադրբեջանցի խորհրդականները Եվրախորհդարանին նաեւ մեղադրել են «շովինիստական», «ռասիստական» եւ «գաղութատիրական» մտածողություն ունենալու համար՝ պնդելով, որ եվրոպացի խորհրդարանականները «գաղութատիրության դեմ պայքարող ժողովուրդներին անվանում են իրեդենտիստական խմբեր, արդարացնում են Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը եւ ներկայացնում այն որպես եվրոպական քաղաքականություն»։
«Ադրբեջանի Հանրապետության Միլլի Մեջլիսը վճռականորեն մերժում է խեղաթյուրող իրականությունը, Եվրախորհրդարանի կողմնակալ եւ միակողմանի բանաձեւը։ Հայտարարում ենք, որ մեր խորհրդարանը միանշանակ աջակցում է մեր երկրի եւ ժողովրդի շահերի պաշտպանության անունից իրականացվող այս քաղաքականությանը, որ շարունակելու է մոբիլիզացնել բոլոր ուժերը դրա իրականացման համար»,- ասվում է Ադրբեջանի խորհդարանի հայտարարության եզրափակիչ հատվածում։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանը 453 կողմ, 31 դեմ եւ 89 ձեռնպահ ձայներով ընդունեց Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի ոտնահարման եւ Հայաստանի հետ հարաբերությունների մասին բանաձեւը։
Փաստաթուղթն անդրադառնում է Ադրբեջանում առկա եւ միջազգային հարաբերություններում այդ պետության ստեղծած բոլոր հիմնական խնդիրներին։ Դրանով Եվրախորհրդարանը աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման սկզբունքների վրա, եւ Բաքվից պահանջում ադրբեջանական զորքերը դուրս բերել Հայաստանի ինքնիշխան տարածքից։