Եմենի «Անսար Ալլահ» շարժումը, որն առավել հայտնի է հութիներ անվամբ, օգտագործել է ռուսական արբանյակների տվյալները անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով Կարմիր ծովի առեւտրային նավերին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով աղբյուրներին, այդ թվում՝ եվրոպական երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներին:
Ըստ պարբերականի զրուցակիցներից մեկի՝ տվյալները փոխանցվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների միջոցով:
Աղբյուրները նշել են, որ ռուսական արբանյակների տվյալները հութիներին օգնել են «ընդլայնել իրենց հարվածների մասշտաբները»։
Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել The Wall Street Journal-ի հրապարակումը։
Հրթիռների եւ ԱԹՍ-ների կիրառմամբ Կարմիր ծովում առեւտրային նավերին «Անսար Ալլահը» սկսել էր հարվածել Գազայում պատերազմի սկսվելուց հետո՝ հաջակցություն իսրայելական բանակի դեմ մարտեր մղող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման։ WSJ-ի հաշվարկներով՝ նախորդ տարվա նոյեմբերից հութիները հարձակվել են ավելի քան 100 նավի վրա, որոնցից երկուսը խորտակել են, մեկը՝ զավթել։ Այս հարձակումները լուրջ խափանումներ են առաջացրել համաշխարհային առեւտրում, քանի որ նավերով բեռնափոխադրումներ կատարող ընկերությունները հարկադրված են եղել փոխել իրենց նավերի երթուղիները։
Ավելի վաղ Reuters-ը, հղում կատարելով արեւմտյան եւ տարածաշրջանային աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանը Իրանի միջնորդությամբ գաղտնի բանակցություններ է վարել «Անսար Ալլահ»-ի հետ՝ P-800 «Оникс» հականավային հրթիռներ մատակարարելու հարցով։ Այս հրթիռները, որոնց հեռահարությունը մոտ 300 կիլոմետր է, ըստ փորձագետների, թույլ կտան ավելի ճշգրիտ խոցել Կարմիր ծովի առեւտրային նավերը եւ մեծացնել սպառնալիքը ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրներ ռազմածովային նավերի համար։
CNN-ի տվյալներով էլ Ռուսաստանը հուլիսի վերջին պատրաստվել էր հութիներին հրթիռներ եւ ռազմական տեխնիկա մատակարարելու, սակայն վերջին պահին հրաժարվել է այդ ծրագրերից Սաուդյան Արաբիայի նախազգուշացումների պատճառով։ Աղբյուրների համաձայն՝ Մոսկվան «Անսար Ալլահի» զինումը եւ խորհրդատվական աջակցության ցուցաբերումը դիտարկել է որպես վրեժխնդրության միջոց Ռուսաստանի տարածքին ամերիկյան զենքի կիրառմամբ խորքային հարվածներ հասցնելու համար Վաշինգտոնից Կիեւին տրված հավանական թույլատրության դեմ։