Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը ստորագրած երկրներին է փոխանցել Մոնղոլիային առնչվող գործը, որը վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցելության ժամանակ նրան չձերբակալելուն և դատարան չհանձնելուն:
Դատարանի նախնական վարույթների պալատի հայտարարության համաձայն՝ Մոնղոլիան, չձերբակալելով Պուտինին, չի կատարել համագործակցության մասին խնդրանքը, ինչը հակասում է Հռոմի կանոնադրության դրույթներին և խանգարում դատարանին՝ իրականացնելու իր գործառույթներն ու լիազորությունները։ ՄՔԴ-ն ընդգծում է, որ որևէ անձի դիվանագիտական անձեռնմխելիությունը, ներառյալ նախագահի անձեռնմխելիությունը, դատարանի տեսանկյունից խոչընդոտ չէ կալանքի օրդերի կատարման համար։
Ըստ The Washington Post-ի՝ դեռ պարզ չէ, թե ինչ պատիժ կսահմանվի Մոնղոլիայի նկատմամբ:
2023 թվականի մարտին Պուտինի ձերբակալության մասին օրդերի հրապարակումից հետո Մոնղոլիա կատարած այցով նա առաջին անգամ այնպիսի երկրի տարածքում էր, որը վավերացրել էր ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Նշենք, որ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է Ուկրաինայի բռնազավթած տարածքներից երեխաների հարկադիր տեղափոխություն իրականացնելու համար:
Մոնղոլիա այցից առաջ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Ուլան Բատորին կոչ էր արել ձերբակալել Պուտինին։ Գերատեսչությունը հայտարարության տեքստում հույս էր հայտնել, որ մոնղոլական կառավարությունը «գիտակցում է, որ Վլադիմիր Պուտինը ռազմական հանցագործ է» եւ կկատարի ձերբակալության պահանջն ու Պուտինին կհանձնի Հաագային։ Պուտինին ձերբակալելու կոչ էին արել նաև մարդու իրավունքների պաշտպանները։
Պուտինին չձերբակալելու որոշումը Մոնղոլիայի կառավարության ներկայացուցիչը բացատրել էր հարևան երկրներից էներգետիկ կախվածությամբ եւ չեզոքության քաղաքականությամբ:
Մոնղոլիան ՄՔԴ-ին անդամակցել է 2003 թվականին։ 2023 թվականի դեկտեմբերին Էրդենեբալսուրեն Դամդինը դարձավ ՄՔԴ-ի առաջին մոնղոլ դատավորը։ Մոնղոլիայի իշխանություններն այն ժամանակ հայտարարեցին, որ սա «երկրի հեղինակության աճի և միջազգային կազմակերպությունների վստահության նշան է»։
Պաշտոնապես ՄՔԴ-ի անդամ երկրները պարտավոր են կատարել ձերբակալման օրդերը և ձերբակալել Պուտինին։ Սակայն գործնականում այս պարտավորությունները միշտ չէ, որ գործում են։ Bloomberg-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ Մոնղոլիայի իշխանությունները հավաստիացրել են Պուտինին, որ չեն ձերբակալի նրան։