Արդեն երկու շաբաթ է, ինչ Գյումրին առանց կառավարման է մնացել: Թե տարբեր հարցերով, բողոքներով քաղաքացիները ուր կամ ում դիմեն, ոչ ոք չգիտի:
«Ալիք Մեդիան» հրապարակումներից մեկում տեղեկացրել էր, որ ամեն ինչ սկսվել էր հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը, երբ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը, որը մեկնում էր ԱՄՆ՝ մասնակցելու հոր ծննդյան 70-ամյակին: Նախկին քաղաքապետը Միացյալ Նահանգներում է բուժման նպատակով:
Ձերբակալման պատճառը ՀՀ քննչական կոմիտեի կողմից արդեն բացված-փակված գործի շրջանակում էր, ըստ որի՝ Բալասանյաններն իրենց պաշտոնավարման տարիներին սեփականաշնորհել են Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի շրջակա հողամասը:
Բալասանյանի որդուն 72 ժամ անց հակակոռուպցիոն կոմիտեից 70 միլիոն դրամ գրավի դիմաց բաց էին թողել, սակայն ժամեր անց Գյումրու նախկին ու ներկա փոխքաղաքապետներին՝ Ռուբեն Սանոյանին եւ Սուրեն Ջանոյանին էին ձերբակալել: Նրանք եւս գրավի դիմաց ազատ են արձակվել:
Նույն ժամանակահատվածում քաղաքապետի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանն է ԱՄՆ մեկնում, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն էլ որոշում է հեռավար աշխատել:
Իսկ երբ հայտնի դարձավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել, պարզ դարձավ, որ քաղաքում շուտով իշխանափոխություն կլինի:
«Բալասանյան դաշինքը» քաղաքի կառավարումը ստանձնել էր 2021 թվականին ՏԻՄ ընտրություններում, որի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողացավ Գյումրիում քաղաքային իշխանության գալ:
Հանրության համար զարմանալիորեն ՔՊ-ն եւ «Բալասանյան դաշինքը» համաձայնագիր կնքեցին, պայմանավորվեցին, որ երկու քաղաքական ուժերը խելք խելքի կտան, քաղաքը կկառավարեն: Ըստ պայմանագրի՝ կողմերը պարտավորվում էին կադրային քաղաքականությունն իրականացնել փոխհամաձայնեցված՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար։
Այս ուժերի ջրերը, սակայն, մեկ առվով երկար չհոսեցին. համաձայնագիրը խզվեց, ՔՊ-ականների փոխարեն էլ քաղաքային բարձր պաշտոնները բաժին հասան Բալասանյանների մերձավորներին:
Այսօր արդեն քաղաքում ամեն րոպե սպասում են, որ բալասանյանականները հրաժարականի դիմում կներկայացնեն: Ըստ տարածված լուրերի՝ նրանք կհեռանան թիմով՝ համայնքի ղեկավարը, տեղակալները, ավագանու անդամները, բաժնի պետերը եւ այլ պաշտոնյաներ:
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ հրաժարականի դիմումներ դեռ չեն ստացել:
Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, հետ կանգնելով հեռավար աշխատելու իր որոշումից, կրկին վերադարձել է քաղաքապետարան:
Նշենք, որ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է, թե արդյոք Գյումրիում իշխանափոխություն է լինելու: Ի պատասխան՝ վարչապետը հարցով է պատասխանել հարցին՝ իսկ ի՞նչ է պատահել Գյումրիում: Պատասխանից պարզ է դարձել, որ վարչապետը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է Գյումրիում սպասվող իշխանափոխության լուրերը:
Որ քաղաքի պարալիզացված այս վիճակն արդեն անտանելի է դարձել բնակիչների համար, փաստում են բոլոր գյումրեցիները՝ «իբր մի լավ կառավարվում էր քաղաքը, հիմա էլ ղեկավարում չկա»: