Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է Կիեւում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ընդունելուց՝ Կազանում BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու պատճառով։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Զելենսկու գրասենյակի աղբյուրին։
Ըստ գործակալության զրուցակցի՝ Կազանից հետո Գուտերեշը Ուկրաինա ուղեւորվելու ցանկություն է հայտնել, սակայն Զելենսկին չի հաստատել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ընդունելու իր պատրաստակամությունը։
«Այնպես որ, Գուտերեշը այստեղ չի լինի, մասնավորապես Կազանում ողջախոհության եւ միջազգային իրավունքի նվաստացման պատճառով»,- AFP-ին ասել է աղբյուրը:
Պաշտոնապես Ուկրաինայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել Գուտերեշի Կիեւ այցի չեղարկումը։ ՄԱԿ-ը նույնպես այս հարցի վերաբերյալ հայտարարություններ չի արել։
Անտոնիո Գուտերեշը հոկտեմբերի 23-ին ժամանել է Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումից հետո ՄԱԿ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Գուտերեշը «վերահաստատել է իր դիրքորոշումը, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքը» եւ «լիովին աջակցում է» բանակցություններին։ Սակայն Գուտերեշը գագաթնաժողովում իր ելույթում չի բարձրաձայնել Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտումների մասին։
Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել էր Գուտերեշի այցը BRICS-ի գագաթնաժողով՝ ընդգծելով, որ նա ավելի վաղ մերժել էր Կիեւի հրավերը Շվեյցարիայում կայացած խաղաղության առաջին գագաթնաժողովին, մինչդեռ «ռազմական հանցագործ Պուտինից» ընդունել է Կազան ուղեւորվելու հրավերը։
«Սա սխալ ընտրություն է, որը չի նպաստում խաղաղության հաստատմանը»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։