Եթե թերթենք 2015, 2016, 2017 թվականների պոլսահայ մամուլի էջերը, անմիջապես կնկատենք Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանի՝ Թուրքիա կատարած այցերի մասին լուրերը:
Թերթերը, հրապարակելով պատրիարքի այցերը Ստամբուլ, փորձում էին նաեւ այդ լուրերին ինչ-որ խորհրդավորություն հաղորդել: Եվ իսկապես, խորհրդավորության քողով էին պատված Երուսաղեմի պատրիարքի այցերը Թուրքիա, ինչպես ընդհանրապես խորհրդավոր են հայ պատրիարքությունների ներսում ծավալվող իրադարձությունները, որոնք ոչ բոլորին են հասու լինում:
Քչերը գիտեին, թե Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանն ու այդ ժամանակ Երուսաղեմի հայոց պատրիարքության կալվածների տեսուչ Հայր Պարետ ծ.վրդ Երեցյանն ինչ նպատակով են հաճախ գնում Թուրքիա: Բայց եթե հիշատակվում էր նաեւ կալվածների տեսչի անունը, ապա ենթադրվում էր, որ այցերն առնչվում էին կալվածքների, հողաշերտերի եւ նման հարցերի:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ 2012-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը դատական հայց էր ներկայացրել Թուրքիայում՝ թուրքական կառավարության կողմից տասնամյակներ առաջ բռնագրավված ավելի քան հազար անշարժ գույք վերադարձնելու համար, որոնք պատկանել են Երուսաղեմի հայոց պատրիարքարանին:
Ըստ տեղեկությունների՝ 1973 թվականին Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությունը բռնագրավել է Օսմանյան կայսրության օրերից Երուսաղեմի պատրիարքարանին պատկանող գույքը՝ հայտարարելով, որ Օսմանյան կայսրության ժամանակ ստեղծված «Սուրբ Հակոբ» (օտար անվանումով՝ «Մարյակուբ») հայկական եկեղեցու հիմնադրամն այլեւս չի գործում եւ տարբեր ճանապարհներով իրացրել է այդ հիմնադրամին պատկանող հայկական ունեցվածքը:
Երուսաղեմի հայոց պատրիարքի հայցը ի սկզբանե մերժվել էր, որից հետո պատրիարքարանը դիմել էր Սահմանադրական դատարան. վերջինս որոշում էր կայացել գործը հետ ուղարկել վարչական դատարան եւ վերանայել այն:
Թուրքիայի Սահմանադրական դատարանը միաժամանակ հայտնել էր, որ ստորադաս դատարանը խախտել է Երուսաղեմի հայոց պատրիարքության իրավունքները: Ընթանում էր դատավարություն, վարձված էին փաստաբաններ, իրավական լուրջ գործընթաց էր ծավալվել:
Եվ այս օրերին, երբ նույն Երուսաղեմի պատրիարքությունը «խրված» է իրեն պատկանող եւ օտարներին վարձակալության հանձնած «Կովերի պարտեզ» կոչվող հայտնի թղթածրարի քաշքշուկի մեջ, պարզ է դառնում, որ շահել է Թուրքիայում իր հսկայական ունեցվածքի վերադարձի դատական գործընթացը։ Երկար տարիների դատավարությունից հետո այս մեկը հայկական տեսակետից հաղթանակ է համարվում:
Երուսաղեմի հայկական հողերի վերադարձի որոշման առիթով քննարկվում է նաեւ «Մարյակուպ» հիմնադրամի գործունեությունը, որի մասին խոսելը սովորաբար տաբու էր:
Երկրի ղեկը իսլամական ընկալումներով ստանձնած Աբդուլա Գյուլն ու ապա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հատկապես իրենց իշխանության առաջին տարիներին փորձում էին գործադրել երկրի փոքրամասնություններին ուշադրություն դարձնելու եւ նրանց սիրաշահելու ձեւաչափ, որ նաեւ ինչ-որ տեղ Օսմանյան կայսրության «լավ օրերից» ժառանգված իշխելաոճ է։ Եվ այդպես, Պոլսո հայկական համայնքին հատուկ ուշադրություն դարձնելուց եւ բարյացակամություն հղելուց հետո Թուրքիայի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հայությանը վերադարձնել մի շարք կալվածներ, որոնք տարբեր հանգամանքներում թուրք քաղաքացիների, հիմնարկների կամ նույնիսկ քաղաքացիական կազմակերպությունների սեփականությունն էին դարձել: Այդ մոտեցումը, սակայն, երկար չի շարունակվում, եւ այսօր Թուրքիայում (առավելապես՝ Պոլսում) շատ քիչ է խոսվում հայկական կալվածների վերադարձի մասին:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2015-ին Թուրքիայի դեմ դատական գործ էր բացել նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ պատմական Կիլիկիայի տարածքում գտնվող Սիսի (Սսի) կաթողիկոսարանը վերադարձնելու համար: Սիսը եւ նրա կալվածները հայությանը վերադարձնելու հարցով առայժմ միայն մերժումներ են: Արդյո՞ք Երուսաղեմի պատրիարքության հաղթանակը նախադեպ է դառնալու Սիսի կալվածների համար:
Այսօր հստակ է միայն, որ Երուսաղեմի 97-րդ պատրիարքի եւ պատրիարքարանի նախկին կալվածների տեսչի տարած ջանքերը ջուրը չեն նետվել:
Դատական հաղթանակը տարվել է, իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը:
«Ակօս»-ի լրագրող Իշխան Էրտինչի ստորագրությամբ տպված նյութում ուշագրավ հայտարարություններ է արել Երուսաղեմի կողմից «Մարյակուպ»-ի փաստաբան ընտրված Ալի Էլպեյօղլուն՝ նշելով, որ պատրիարքարանը երկու ընտրանք ունի՝ կա՛մ իբրեւ իր ներկայացուցիչ նշանակել Թուրքիայի քաղաքացի՝ իր այդ կալվածները տնօրինելու համար (ինչպես մինչեւ դրանց բռնագրավումն էր), կա՛մ էլ դրանք կառավարվելու են անմիջապես հայկական Երուսաղեմից:
Ի՞նչ ձեւով է օգտագործելու պատրիարքարանը դրանք. դրանց դիմաց փոխհատուցո՞ւմ է պահանջելու, թե՞ ուղղակի տնօրինելու է… Պոլսում գտնվող հողակտորների մի մասը վաճառվել է երրորդ անձերի, մի մասը վերավաճառվել է, դրանք բազմիցս գործարքների ենթարկված կալվածներ են, որոնք պարզ է, որ միանգամից չեն տրվելու պատրիարքությանը: Բայց պարզ է, որ Անկարայի իշխանությունները պարզապես որոշում ընդունելու համար չեն կատարել այս քայլը, որին կարող են այլ կարեւոր քայլեր եւս հաջորդել: Իհարկե, զգուշությամբ պետք է դիմավորել նման քայլերը, բայց դա չի նշանակում, թե Թուրքիայի արդարադատության մարմինների կայացրած վճիռը պետք է անտեսել:
Մի շարք աղբյուրներ այդ կալվածների թիվը նշում են մոտ հազար, իսկ ինքը՝ Նուրհան պատրիարքն ասել է, թե դրանց թիվը նշվածից երկու անգամ ավելի է: Ստամբուլից բացի՝ հայկական Երուսաղեմին պատկանող կալվածներ կան նաեւ այլ բնակավայրերում, որոնք մի ժամանակ օգտագործվում էին որպես ուխտավորների տներ . պատմությունից հայտնի է, որ Երուսաղեմ մեծ թվով թրքահայ ուխտավորներ էին գնում (որոնք Տիրոջ գերեզմանը տեսնելուց հետո կոչվում էին «մահտեսի» կամ «հաջի»): Ճանապարհին նրանք կանգ էին առնում հատուկ ուխտավորների համար պահվող կեցավայրերում, հետո շարունակում իրենց ճանապարհը:
Թուրքիայում Երուսաղեմի պատրիարքության վերատիրացած հողերը տնօրինելու, ընդհանրապես, այս հաղթանակի մասին բոլորը սպասում են Նուրհան պատրիարքի խոսքին, բայց նա լռություն է պահպանում, ինչպես լռություն է պահպանում «Կովերի պարտեզի» հարցի շուրջ, որը հանրությանը նույնպես հետաքրքրում է:
Մեկ տարի առաջ Նուրհան պատրիարքը հեռախոսային զրույցի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին խոստացել էր, որ խոսելու է «Կովերի պարտեզի» մասին եւ հանրությանն է ներկայացնելու մանրամասներ (լուրը հատուկ հրապարակվել է հանրության համար), սակայն մինչեւ այս պահը Պատրիարքը շարունակում է լուռ մնալ եւ մերժել բոլոր նրանց հարցերը, ովքեր հետաքրքրվում են այս խնդրով: Իսկ հարցերը շատ են, մանավանդ «Կովերի պարտեզի» հարցի շուրջ երկկողմանի դատական գործընթացների մասին տարբեր լուրեր են շրջանառվում:
Նուրհան պատրիարքի շարունակվող լռությանը զուգահեռ ահա նոր թղթածրար է ավելանում նրա սեղանին՝ Թուրքիայից շահած հողերի թղթածրարը:
Ե՞րբ է խոսելու Երուսաղեմի հայոց պատրիարքը, որի վերջին հանրային գործողությունը եղել է քավության նոխազ դարձնել եւ կարգազուրկ հռչակել պատրիարքության կալվածների նախկին տեսուչ Տ. Պարետ ծ.վրդ. Երեցյանին:
Լիբանանահայ լրագրող, մեկնաբան։ 2012-ին տեղափոխվել է Հայաստան։ Մասնագիտացել է արաբ-իսրայելյան հակամարտության հարցում եւ համոզված է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների «հայրն» է։ Լուսաբանում է նաեւ հայ համայնքների խնդիրները։
2022-ին հրատարակել է Պոլսի հայությանը նվիրված «33 ձայն Իսթանպուլէն. ինչպէս ճանչցայ պոլսահայութիւնը» խորագրով վավերագրությունը, 2024-ին՝ կիպրահայերի տեղաշարժի մասին «Բաժնուած կղզին» խորագրով գիրքը։