Հոկտեմբերի 26-ը Վրաստանի համար վճռորոշ օր է. երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կորոշեն՝ Վրաստանը կշարունակի ընթանալ եվրոպական ուղիով, թե կհայտնվի ռուսական ուղեծրում:
Ընտրություններին ընդառաջ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է Մառնեուլիի մունիցիպալիտետի հայաբնակ մի քանի գյուղերի բնակիչների հետ` պարզելու նպատակով, թե ինչպես են պատրաստվում ընտրություններին եւ ինչ ակնկալիքներ ունեն: Հատկանշական է, որ գյուղերի հարցված բնակիչները միաձայն ասում են՝ մասնակցելու են ընտրություններին, քանի որ սա իրենց քաղաքացիական պատասխանատվությունն է:
Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանի խոսքերով՝ գյուղի բնակիչները դրական են տրամադրված ընտրություններին, եւ բոլորը միաձայն պնդեցին, որ մասնակցելու են:
«Բոլորն էլ հասկանում են, որ կարեւոր է ընտրություններին մասնակցությունը: Ամեն ընտրության էլ մասնակցել են. համագյուղացիներիս տրամադրվածությունից կարելի է ենթադրել, որ այս տարի, կարծես, ակտիվությունն ավելի շատ է լինելու»,- ասաց Վարդումյանը:
Չանախչի գյուղի բնակչուհին, որ չցանկացավ ներկայանալ, ասաց՝ ընտրություններին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն ու պատասխանատվությունն է, քանի որ հենց ընտրությունների միջոցով ընտրված իշխանությունը պետք է հոգա իր քաղաքացիների բարեկեցության մասին:
«Ժողովրդավարական երկրներում ընտրություններով ձեւավորված իշխանությունը պատասխանատու է լինում իր ժողովրդի բարեկեցության, երկրի բարգավաճման եւ այլ կարեւոր ինստիտուտների զարգացման համար: Այդ պատճառով պետք է մասնակցել ընտրություններին: Մեկ ձայնն անգամ շատ կարեւոր է լինելու այս ընտրություններում»,- ասաց Չանախչիի բնակչուհին:
Դամիա գյուղի բնակիչ Նելլի Միսկարյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում խոսեց ընտրություններից իր սպասելիքների մասին, նաեւ նշեց, որ նախընտրական շրջանը Դամիա գյուղում հարթ է ընթացել, հետո հավելեց.
«Յուրաքանչյուր ընտրություն երկրի համար շատ կարեւոր է, այս ընտրությունները եւս բացառություն չեն: Ավելորդ է անգամ նշել, որ յուրաքանչյուր քաղաքացու ձայնն անչափ կարեւոր է, ոչ ոքի համար նորություն չէ, որ նույնիսկ մեկ ձայնը կարող է շատ բան փոխել: Ինչ վերաբերում է գյուղում տիրող իրավիճակին, կարող եմ ասել՝ ապրում եմ ընտրական տեղամասին շատ մոտ, տարածքում երբեւէ ոչ մի խոչընդոտ չի հանդիպել, համենայն դեպս՝ ինքս չեմ նկատել: Ընտրությունների արդյունքներից անկախ՝ ակնկալում եմ, որ բոլորս ապրենք խաղաղ ու ազատ երկրում, իհարկե՝ ցանկալի է ավելի մեծ ուշադրություն գյուղերի նկատմամբ, քանի որ գյուղը շատ կարեւոր դեր է խաղում երկրի զարգացման համար»:
Կարմիր գյուղի բնակիչ Գարիկ Գասպարյանը, որ առաջին անգամ է մասնակցում ընտրություններին, կարծիք հայտնեց, որ այս տարի, համեմատած նախորդ տարիների հետ, մեծ է լինելու հատկապես երիտասարդների մասնակցությունը. փոխվել է երիտասարդների հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ:
«Եթե նախկինում երիտասարդներն ասում էին, որ իրենց ձայնը ոչինչ չի փոխի, ապա այժմ վստահ են՝ հենց իրենց մեկ ձայնն է որոշիչ լինելու, եւ դրանից է կախված Վրաստանի ապագան: Ընտրությունները, հուսուվ եմ, կանցնեն արդար եւ թափանցիկ, ինչին, կարծում եմ, կօգնեն նաեւ այս նոր տեխնոլոգիաները, որոնց օգնությամբ քվեարկելու է երկրի ընտրողների շուրջ 90 տոկոսը»,- ասաց Գարիկը:
Խոժոռնի գյուղի բնակիչներից մեկը, որ նույնպես չցանկացավ ներկայանալ, ասաց, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունները կարող են որոշիչ լինել.
«Ես միայն մի բան եմ կարեւորում, ուզում եմ, որ ընտրությունները լինեն խաղաղ եւ արդար. դա էլ արդեն ցույց կտա, թե որն է մեր իրական ցանկությունը: Ընտրությունը կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու համար, քանի որ դա իր ձայնը, իր կամքը արտահայտելու ամենալավ ձեւերից է»,- ասաց Խոժոռնիի բնակիչը` հորդորելով քաղաքացիներին կատարել իրենց ընտրությունը, քանի որ դա բոլորի քաղաքական պարտքն է:
Նորայր Միսկարյան, Թամարա Սարգսյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ