«ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակակիր լինելուս մասին իմացա երրորդ հղիությանս ընթացքում։ Հետազոտության գնացի, հետո ինձ կանչեցին հիվանդանոց եւ ասացին հիվանդության մասին։ Սկզբում ծանր էր գիտակցելը, որ ՄԻԱՎ վարակակիր եմ։ Վախենում էի, որ երեխաս էլ կվարակվի, բայց բժշկուհին ինձ բացատրեց, որ հնարավոր է հասնել նրան, որ երեխային վարակը չփոխանցվի։ Այդպես էլ եղավ․ երեխաս առողջ ծնվեց»,- պատմում է Լիանան (անունը փոխված է)։
Նա ամեն օր խմում է հակառետրովիրուսային դեղերը եւ գիտի՝ դրանք ճիշտ ժամանակին ընդունելու եւ բուժզննությունների հաճախելու դեպքում կունենա կյանքի բարձր որակ։ ՄԻԱՎ-ը դառավճիռ չէ։ Այսուհանդերձ, խարանից ու կարծրատիպերից խուսափելու նպատակով Լիանան ու իր ամունսինը միայն իրենց ընտանիքի անդամներին են պատմել իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ Լիանան մի անգամ փորձել է ընկերուհուն պատմել։ Նախ սկսել է վարակի մասին խոսել, որ հասկանա՝ ընկերուհին ինչ կարծիք ունի, ինչ է մտածում դրա վերաբերյալ։
«Ընկերուհիս ասաց՝ եթե ՄԻԱՎ ունեցող մարդ լիներ իր շրջապատում, կխուսափեր նրանից ու չէր ցանկանա նրա հետ շփվել։ Առանց հիմնավորելու ասես վատ կարծիք ուներ ՄԻԱՎ ունեցողների մասին։ Շատերն անգամ չգիտեն՝ ինչպես է ՄԻԱՎ վարակը փոխանցվում, ու գուցե նաեւ դրա պատճառով են այդպես խուսափում, վախենում են, որ իրենք էլ կվարակվեն․․․ Իրականությունից չես փախչի։ Ես ուղղակի հասկացա՝ եթե իմ ու ամուսնուս ՄԻԱՎ կարգավիճակի մասին մարդիկ իմանան, նրանցից շատերը կխուսափեն մեզնից, խտրական վերաբերմունք կցուցաբերեն մեր նկատմամբ։ Անշուշտ, դա կազդի նաեւ մեր երեխայի վրա․․․ Ուստի, ես վերջնականապես հասկացա՝ միայն մասնագետներին պետք է զգուշացնել մեր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, իսկ ծանոթ-բարեկամները կամ այլ մարդիկ թո՛ղ չիմանան»,- ասում է Լիանան։
Նա ընդգծում է՝ եղել են դեպքեր, երբ բուժհաստատություններում խտրականության է բախվել։ Կան մասնագետներ, որոնք դժկամությամբ են բուժսպասարկում տրամադրում ՄԻԱՎ ունեցողին։ Ոմանք էլ պատրվակ են ներկայացնում ու բուժսպասարկում չեն տրամադրում ՄԻԱՎ ունեցող բուժառուին։
30-ամյա Աննան (անունը փոխված է) էլ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմացել է առաջին հղիության ընթացքում։
«Մինչ իմ ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանալը չգիտեինք, որ ամուսինս էլ է վարակված։ Նա էլ հետազոտվեց, եւ իմացանք, որ արդեն ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ուներ։ Նա ինձնից ավելի շուտ էր վարակված եղել, ես ամուսնուցս էի վարակվել»,- ասում է Աննան։
Ցավոք եղել են բուժաշխատողներ, որոնք նրա նկատմամբ խտրական վերաբերմուք են ցուցաբերել։ Նրանցից մեկը նույնիսկ ակնարկել է, թե անբարո կյանքով ապրելու հետեւանք է Աննայի՝ ՄԻԱՎ վարակակիր լինելը, մինչդեռ Աննան ընդգծում է՝ ինքն ու իր պես բազմաթիվ կանայք հե՛նց ամուսիններից ենք վարակվում։
«Այսուամենայնիվ, կարծում եմ՝ էական չէ՝ ինչպես է անձը վարակվել։ Որևէ մեկն իրավունք չունի նրան թիրախավորելու, խտրականորեն վերաբերվելու, վիրավորելու։ Նման երեւույթների պատճառով ՄԻԱՎ ունեցողը հոգեբանական շատ ծանր վիճակում կարող է հայտնվել։ Ես դա իմ մաշկի վրա եմ զգացել։ Խտրական վերաբերմունքի բախվելիս ճնշվել եմ, հետո տուն գնացել, հուզվել, լաց եղել վիրավորանքից»,- ասում է Աննան։
Մասնագետների աչալրջության ու ջանքերի շնորհիվ Աննայի երեխան առողջ է ծնվել։
«Ծնունդն ընդունող բժիշկը բարեհամբույր էր։ Իմ ՄԻԱՎ կարգավիճակի մասին, անշուտ, գիտեր, բայց որեւէ անգամ խտրական վերաբերմունք չի ցուցաբերել իմ նկատմամբ», — ասում է Աննան։
Աննայի եւ նրա ամուսնու ՄԻԱՎ կարգավիճակի մասին գիտեն միայն նրանց ծնողները։ Աննան վստահ է՝ խտրականությունից խուսափելու համար ավելի լավ է՝ ոչ մեկը չիմանա դրա մասին։ Իհարկե, բուժհաստատություններ գնալիս մասնագետներին նախապես զգուշացնում է, որ ՄԻԱՎ ունի։
«Խտրականության բախվելիս միշտ էլ հոգեբանական խնդիրներ եմ ունեցել։ Տարիներ հետո իմ բալիկը մանկապարտեզ, իսկ հետո դպրոց կգնա, նրան էլ խտրականորեն կվերաբերվեն, հետեւաբար լռում ենք։ Չենք ցանկանում, որ ուրիշներն իմանան իմ ու ամուսնուս ՄԻԱՎ կարգավիճակի մասին։ Եթե այս հարասարկությունն այսպիսի կարծրատիպեր չունենար, գուցե չխուսափեինք, խոսեինք սրա մասին, բայց այս իրավիճակում, իհարկե, ավելի լավ է այլոց չպատմել մեր ՄԻԱՎ կարգավիճակի մասին, որպեսզի խտրականությունից հնարավորինս զերծ մնանք»,- ասում է Աննան։
ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՎ-ի տարբերությունը
Մեր երկրում ՄԻԱՎ-ի դեպքերն արձանագրվել են 1988 թվականից։ Մարդու իմունային անբավարարության վիրուսն (ՄԻԱՎ) առաջացնում է ՄԻԱՎ հիվանդությունը, որի վերջնային փուլը ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն է (ՁԻԱՀ): Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ը թուլացնում է իմունային համակարգը, ինչի հետեւանքով օրգանիզմը դառնում է անպաշտպան բազմաթիվ վարակային եւ այլ հիվանդությունների նկատմամբ:
ՁԻԱՀ-ը զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց օրգանիզմում եւ բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խոր խաթարմամբ, որի հետեւանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ: Վարակված մարդու օրգանիզմում վիրուսը պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: ՄԻԱՎ վարակի արմատական բուժում դեռեւս գոյություն չունի:
ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը գաղտնի է եւ անանուն։ Այն իրականացվում է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում կամ կամավոր խորհրդատվություն իրականացնող հաստատություններում։ ՄԻԱՎ-ի վաղ հայտնաբերման դեպքում հնարավոր է բուժումը ժամանակին սկսել, կանխարգելել վարակի տարածումը։ Ստանալով հակառետրովիրուսային բուժում՝ մարդն իրեն առողջ է զգում ու բուժման ֆոնին դադարում վարակիչ լինելուց զուգընկերոջ կամ շրջապատի համար, հետեւաբար ՄԻԱՎ-ի բուժումն ունի ոչ միայն բուժական, այլեւ կանխաչգելիչ բնույթ։
Վարակից խուսափելու համար հարկավոր է օգտագործել ախտազերծված բժշկական պարագաներ, միանգամյա օգտագործման ներարկիչներ, խուսափել արյան հետ շփումից, հղիություն պլանավորելուց առաց անցնել ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտություն։ ՄԻԱՎ դրական կարգավիճակ ունենալու դեպքում հարկ է գտնվել բժշկի հսկողության ներքո, հղիության ընթացքում ընդունել հակառետրովիրուսային դեղամիջոցներ եւ կրծքով չկերակրել երեխային։ Հակառետրովիրուսային բուժումը լիովին անվճար է։
Վիճակագրություն
Ըստ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում ապրում է ՄԻԱՎ դրական ախտորոշում ունեցող 4356 մարդ։ Նրանցից ավելի քան 1000-ը բուժում չի ստանում։ ՄԻԱՎ-ն անբուժելի հիվանդություն է, բայց մարդիկ կարող են բուժում ստանալով՝ լիարժեք կյանքով ապրել, այնպես, ինչպես ՄԻԱՎ չունեցողը։ Եթե մարդը կանոնավոր կերպով ընդունի հակառետրովիրուսային դեղերը, հետեւի բժշկի ցուցումներին, ապա ՄԻԱՎ-ը որեւէ կերպ չի ազդի նրա կյանքի տեւողության վրա։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն՝ 1988 թվականին մինչեւ 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է․
ՄԻԱՎ վարակի 5614 դեպք, որից 3909-ը՝ արական (69,6%), 1705-ը՝ իգական (30,4%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 2669 դեպք, որից 1982-ը՝ արական (74,3%) եւ 687-ը՝ իգական (25,7%) սեռի շրջանում:
Մահվան 1186 դեպք, որից 950-ը՝ արական (80,1%) եւ 236-ը՝ իգական (19,9%) սեռի շրջանում։
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 84 դեպք, ՁԻԱՀ-ի 46 դեպք, մահվան 12 դեպք։
ՀՌՎ բուժում է ստանում 3398 ՀՀ քաղաքացի:
2023 թվականի ընթացքում գրանցվել է․
ՄԻԱՎ վարակի 500 դեպք, որից 346-ը՝ արական (69,2%), 154-ը՝ իգական (30,8%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 221 դեպք, որից 162-ը՝ արական (73,3%) եւ 59-ը՝ իգական (26,7%) սեռի շրջանում:
Մահվան 79 դեպք, որից 61-ը՝ արական (77,2%) եւ 18-ը՝ իգական (22,8%) սեռի շրջանում:
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 5 դեպք։
2023 թվականին գրանցված նոր դեպքերի 82,4%-ը փոխանցվել է կին-տղամարդ սեռական հարաբերությունների միջոցով, 11,2%-ը՝ հոմոսեքսուալ հարաբերությունների, 3,4%-ը՝ թմրամիջոցների ներարկային օգտագործման, 1%-ը՝ մորից երեխային փոխանցման միջոցով, իսկ 2%-ի վարակման ուղին անհայտ է։
Մեր երկրում ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275 ՄԻԱՎ ունեցող) մարզում է, որին հաջորդում են Լոռու (248 ՄԻԱՎ ունեցող), այնուհետեւ Գեղարքունիքի (235 ՄԻԱՎ ունեցող) մարզերը։
ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակում 2023 թվականի ընթացքում մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման բուժծառայություն ստացել է 60 քաղաքացի։ ՄԻԱՎ-ի նախակոնտակտային կանխարգելման բուժում է ստացել 77 քաղաքացի, հետկոնտակտային կանխարգելում՝ 64 քաղաքացի։
Համեմատության համար նշենք, որ 2022-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՄԻԱՎ-ով ապրողների թիվը կազմել է 3888, այդ թվում՝ 2588-ը արական, 1300-ը` իգական սեռի ներկայացուցիչներ։ ՄԻԱՎ դրական կարգավիճակ է ունեցել 56 անչափահաս։
Օրենքն՝ ընդդեմ խտրականության
«Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է՝ բուժաշխատողները պարտավոր են առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով, յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնություն, հոգատար, անխտրական եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել նրա նկատմամբ։
«Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանվում է՝ յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի ընտրելու բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողին եւ բուժաշխատողին, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական եւ հարգալից վերաբերմունքի։
Խտրականության արգելքը սահմանվում է ՀՀ Սամանադրության 29-րդ հոդվածով։ Այն նախատեսված է նաեւ բուժսպասարկման ոլորտում «Բնակչությանը բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որի համաձայն՝ բուժաշխատողները պարտավոր են անխտրական եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ։
Բժշկական միջամտության իրականացման համար անհրաժեշտ պայմանը պացիենտի գրավոր համաձայնությունն է, որը նախատեսված է նշված օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասով։ Բուժաշխատողի իրավունքները սահմանված են նույն օրենքի 30-րդ հոդվածով, որտեղ չկա դրույթ բժշկական միջամտություն իրականացնելուց հրաժարվելու մասին, այսինքն` բուժաշխատողը համապատասխան հակացուցումների բացակայության դեպքում պարտավոր է իրականացնել բժշկական միջամտություն։ ՀՀ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ին հակազդման 2022-2026 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսված են միջոցառումներ, որոնց միջոցով պայքար է մղվում նաեւ խտրականության դեմ։
Չնայած գործող օրենքներին՝ ՄԻԱՎ ունեցողները հաճախ բախվում են խտրականության․ ի՞նչ են ցույց տալիս հետազոտությունները
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպությունը (ՍՀԿ) 2003 թվականին հիմնադրել են մի խումբ բժիշկներ եւ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ՝ ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Կազմակերպությունը նախաձեռնում եւ իրականացնում է տարբեր միջոցառումներ եւ ծրագրեր՝ ջանալով բարելավել ՄԻԱՎ-ով ապրող անձանց կյանքի որակը, բարձրացնել ՄԻԱՎ-ի եւ ՁԻԱՀ-ի վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը, ՄԻԱՎ-ով ապրող անձնանց հիմնախնդիրները, վերացնել խարանը եւ խտրականությունը ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ։
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ-ն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ հարցերի ծրագրի աջակցությամբ 2-րդ անգամ իրականացրեց «Ֆեմինա» ֆորումը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ իրավախախտումների վերաբերյալ տարեկան զեկույցը, «Ստիգմա ինդեքս» հետազոտությունը, որը Հայաստանում առաջին անգամ է անցկացվել։
«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայիլյանը նշեց՝ այս հետազոտության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մեթոդաբանությունը, դաշտային աշխատանքները, գործընթացներն իրականացրել են հենց ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ։ Հետազոտության արդյունքներն ընդունելի են ՄԻԱվ-ով ապրող մարդկանց համար։
«Հետազոտությունն իրականացվել է Երեւանում, Շիրակի եւ Լոռու մարզերում։ Հարցմանը մասնակցել են շուրջ 530 ՄԻԱՎ ունեցող քաղաքացիներ՝ տարբեր սեռատարիքային բաշխվածությամբ»,- մանրամասնեց Ժենյա Մայիլյանը։
Սոցիոլոգ-հետազոտող Մարիամ Մխիթարյանը, որը հետազոտության ընթաացքում հարցումներ է կատարել ու զրուցել ՄԻԱՎ ունեցողների հետ, նշեց՝ ՀՀ-ում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց շրջանում բարձր է ինքնախարանի մակարդակը:
«Խարանը բացասաբար է անդրադառնում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, մասնավորապես՝ կանանց, տնտեսական եւ հոգեսոցիալական բարեկեցության վրա. նրանցից շատերը աշխատանք չունեն։ Հարցված կանանց կեսից ավելին նշել է, որ չեն կարողացել իրագործել անձնական եւ մասնագիտական նպատակները: Նրանց համար դժվար է իրենց ՄԻԱՎ կարգավիճակի մասին խոսելը։ Այդ կանայք իրենց մեղավոր են զգում եւ ամաչում ՄԻԱՎ ունենալու համար»,- նշեց Մարիամ Մխիթարյանը:
Իրենց ՄԻԱՎ կարգավիճակի պատճառով կանայք բռնության են ենթարկվել 5 անգամ ավելի հաճախ, քան ՄԻԱՎ-ով ապրող տղամարդիկ:
ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մեծ մասը (99.1%) հարցազրույցի ժամանակ ՄԻԱՎ-ի բուժում ստանալիս է եղել։ Գրեթե բոլոր ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ հակված են թաքցնելու իրենց կարգավիճակն այլ մարդկանցից։ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց 82.5%-ը նշել է, որ իրենք բաց չեն թողել հակառետրովիրուսային բուժումը վախի պատճառով՝ մտածելով, որ ինչ-որ մեկը կիմանա իրենց կարգավիճակի մասին: Միջինում յուրաքանչյուր չորրորդ ՄԻԱՎ-ով ապրող մարդ ընդհատել է բուժումը ՄԻԱՎ կարգավիճակի վերաբերյալ որեւէ բան անելու պատրաստակամության բացակայության պատճառով։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների շրջանում եղել են անձինք, որոնք նշել են՝ բժշկական անձնակազմը խուսափել է նրանց հետ ֆիզիկական շփումից եւ լրացուցիչ նախազգուշական միջոցներ է ձեռնարկել նրանց ՄԻԱՎ դրական կարգավիճակով պայմանավորված։ Հարցման արդյունքների համաձայն՝ յուրաքանչյուր հինգերորդ ՄԻԱՎ-ով ապրող մարդ խուսափել է բուժհաստատություններ գնալուց, թեեւ դրա կարիքն ունեցել է (17․9%), յուրաքանչյուր յոթերորդը որոշել է չմասնակցել սոցիալական հավաքների ու միջոցառումների (14․1%)։
ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ
ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Վարդան Արզաքանյանն ասում է՝քանի որ ՄԻԱՎ-ի հայտնաբերված նոր դեպքերի աճ է գրանցվում, թվում է՝ նոր վարակված մարդկանց թիվը գնալով ավելանում է, մինչդեռ բոլորը չէ, որ նոր են վարակվել։ Օրինակ՝ 2023 թվականին հայտնաբերվել է ՄԻԱՎ-ի 500 նոր դեպք, բայց այդ մարդկանցից ոչ բոլորն են նոր վարակվել։ Քանի որ ՄԻԱՎ-ը երկարատեւ ընթացքով հիվանդություն է, հնարավոր է՝ այդ 500 հոգու մեծ մասը ավելի վաղ է վարակվել, պարզապես իրականացվող լայնածավալ միջոցառումների, նպատակային հետազոտությունների միջոցով բարձրացել է հիվանդության հայտնաբերման ցուցանիշը։ 2022-ին 535 նոր դեպք էր հայտնաբերվել։
Խոսելով խատարնի ու խտրականության մասին՝ Վարդան Արզաքանյանն ասում է՝ ցավոք, ՄԻԱՎ ունեցողները բուժհաստատություններում էլ են խտրականության բախվում։ Բայց այդուամենայնիվ, այս հարցում առաջընթաց է նկատվում․ խտրականության դրսեւորումները տարեցտարի նվազում են։ Բուժհաստատություններում ՄԻԱՎ ունեցողներն ավելի քիչ են բախվում խտրականության, քան, ենթադրենք, տասը տարի առաջ։ Գիտելիքների ավելացման, լայնածավալ աշխատանքների, վերապատրաստումների շնորհիվ հնարավոր է եղել հասնել այս առաջընթացին։
Կան ՄԻԱՎ ունեցողներ, որոնք հրաժարվում են բուժումից, թեեւ այն մեր երկրում անվճար է։ Որանք իրենց այդ պահին լավ են զգում եւ ասում՝ էլ ինչո՞ւ է անհրաժեշտ դեղեր խմել կամ բուժվել։ Մարդկանց մի մասը չի հավատում այդ հիվանդության առկայությանը, մի մասն էլ ասում է՝ ինչ լինում է, թո՛ղ լինի, ոմանք էլ համացանցից ինչ-որ սխալ ինֆորմացիա են կարդում եւ հավատում այն կեղծ վարկածին, թե ՄԻԱՎ-ը մտացածին հիվանդություն է, մանագետները դեղեր իրացնելու նպատակով են մարդկանց համոզում, թե նրանք հիվանդ են։
«Բուժումից հրաժարված քաղաքացիների օրգանիզում ի վերջո զարգանում է իմունային անբավարարություն, ի հայտ են գալիս լուջ առողջական խնդիրներ, նրանք հայտնվում են հիվանդանոցներում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Պարզ է՝ եթե մարդը բուժում չի ստանում, հիվանդությունը զարգանում է եւ իր «չար գործն» անում»,- բացատրում է բժիշկը։
Մորից երեխային փոխանցվող ՄԻԱՎ վարակի դեպքերը մեր երկրում շատ քիչ են լինում։ 2016 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մեր երկիրը ճանաչել է որպես մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքերը վերացնող երկիր։ Հայաստանը հավաստագիր է ստացել այդ նվաճմանը հասնելու համար։ Հղիների շրջանում հայտնաբերվում է ՄԻԱՎ վարակը, նրանք բուժում են ստանում, որի արդյունքում երեխաներն առողջ են ծնվում։ Մեր երկրում ծնվել են հարյուրավոր առողջ երեխաներ, որոնց մայրերը ժամանակին ստացել են մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխաչգելիչ բուժում։
«Իհարկե, իդեալական արդյունք ապահովել հնարավոր չէ, հատուկենտ դեպքեր լինում են, երբ երեխան եւս վարակվում է ՄԻԱՎ-ով, բայց նման դեպքերը սովորաբար լինում են այն պատճառով, որ հղի կինը ժամանակին բժշկական խորդրդատվություն ստանալու համար չի գնում բուժհաստատություն, հիվանդությունն ուշ է հայտնաբերվում կամ ճիշտ ժամանակին դեղերը չի ընդունում։ Ամեն դեպքում, վստահաբար կարող եմ ասել՝ ՄԻԱՎ-ի բուժում իրականացնող, մանկաբարձագինեկոլոգիական համակարգերը սերտ ու արդյունավետ աշխատանք են կատարում»,- մանրամասնում է բժիշկը։
Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ ՄԻԱՎ ունեցողը հակառետրովիրուսային դեղեր խմելով՝ չի վարակի զուգընկերոջը։ Մասնագետը բացատրում է՝ երբ ՄԻԱՎ ունեցողը հետեւում է բժշկի ցուցումներին ու ամեն օր ժամանակին ընդունում հակառետրովիրուսային դեղերը, հետազոտությունները ցույց են տալիս, որ արյան մեջ վիրուսային ծանրաբեռնվածությունը անհայտնաբերելի մակարդակի է հասնում, ուստի մարդն արդեն ոչ վարակիչ է դառնում զուգընկերոջ համար։
«Պարզապես մարդը պիտի ճիշտ ժամանակին դեղերն ընդունի։ Նա ամբողջ կյանքի ընթացքում պիտի այդ դեղերը խմի։ Այդ պարագայում նա ապրում է լիարժեք կյանքով։ Մենք ունենք զույգեր, որոնք ամուսնացել են այն պարագայում, երբ զուգընկերներից մեկը ՄԻԱՎ ունի։ Նրանք տեղյակ լինելով այդ մասին՝ փոխադարձ համաձայնությամբ ամուսնացել են։ Քանի որ ՄԻԱՎ ունեցող զուգընկերը բուժում է ստանում, առողջ զուգընկերը չի վարակվել, նրանք ունեցել են առողջ երեխաներ։ Այսպիսի զույգեր շատ կան»,- պատմում է Վարդան Արզաքանյանը։
Հարցին՝ խոսքը նաեւ ՁԻԱՀ-ի փուլում գտնվողների՞ն է վերաբերում։ Արդյո՞ք նրանք եւս հակառետրովիրուսային բուժում ստանալով՝ կարող են որոշ ժամանակ անց ոչ վարակիչ լինել զուգընկերոջ համար, մասնագետը բացատրում է՝ ՁԻԱՀ-ի փուլում հիվանդությունն արդեն խորացած է լինում, մարդու օրգանիզմում սկսվում են իմունային անբավարության դրսեւորումներ։ Այս դեպքում կարեւոր է, թե հիվանդությունը երբ է հայտնաբերվել, ինչ պրոցեսներ են զարգացել մարդու օրգանիզմում։
«Կարող է լինել այնպիսի իրավիճակ, երբ օրգանիզմում արդեն անդառնալի պրոցեսներ են եղել ու ցավոք, այդ դեպքում չենք կարողանա մարդուն փրկել։ Բայց, եթե նույնիսկ ՁԻԱՀ-ի փուլում ոչ շատ ուշ է հայտաբերվում հիվանդությունը, ապա նպատակային, ճիշտ բուժում է իրականացվում, շատ բուժառուներ դուրս են գալիս այդ ծանր վիճակից, նրանց իմունային համակարգը որոշակիորեն կարգավորվում է եւ որոշ ժամանակ հետո վիրուսային ծանրաբեռնվածությունը անհայտնաբերելի է դառնում, ուստի նա դառնում է ոչ վարակիչ եւ ապրում նորմալ, լիարժեք կյանքով»,- ասում է մասնագետը։
Բժիշկը հիշեցնում է՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ։ Պարզապես պետք է ժամանակին հետազոտել, հիվանդության հայտնաբերումից հետո ստանալ բուժում, ժամանակին ընդունել դեղերը, ապա ապրել լիարժեք կյանքով, այնպես, ինչպես մինչեւ ՄԻԱՎ ունենալը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։