Վրաստանյան ընդդիմադիր «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը հրաժարվում է պատգամավորական մանդատներից եւ ընտրությունների արդյունքները հայտարարում «կեղծված եւ ոչ լեգիտիմ»։ Այս մասին հայտարարություն է տարածել նրանց նախընտրական ցուցակի առաջին համարը՝ Նանա Մալաշխիան։
«Մենք բոլորս միասին ասում ենք, որ այս ընտրությունները կեղծված են, իսկ արդյունքները՝ ոչ լեգիտիմ, մենք չենք պատրաստվում լեգիտիմացնելու վրաց ժողովրդից գողացված ձայները, մենք հրաժարվում ենք մեր իսկ պատգամավորական մանդատներից։
Ես՝ ցուցակի առաջին համար Նանա Մալաշխիան, մտել եմ քաղաքականություն գաղափարների եւ այս երկրի շահերը պաշտպանելու համար։ Դրա համար ես այսօր հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից»,- ասել է Մալաշխիան:
Մինչ այդ կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան ասել էր, որ իրենց միավորումը ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ ծրագրում է պաշտպանել ընտրություններում ստացած ձայները։ Գվարամիան նշել էր, որ իրենք սերտ կապի մեջ են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ եւ ծրագրում են օրվա ընթացքում կրկին հանդիպել նրա հետ։
ԿՀԸ-ի նախնական տվյալների համաձայն՝ «Վրացական երազանք»-ն ունի ձայների 53,92 տոկոսը, իսկ չորս ընդդիմադիր կուսակցությունները՝ ընդհանուր առմամբ 37,786 տոկոսը։
- «Վրացական երազանք»՝ 53,92 տոկոս,
- «Կոալիցիա փոփոխությունների համար»՝ 11,037 տոկոս,
- «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164 տոկոս,
- «Ուժեղ Վրաստան»՝ 8,814 տոկոս,
- «Վրաստանի համար»՝ 7,771 տոկոս:
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ