«Վրաց ժողովուրդը զրկվել է ընտրելու իրավունքից, անցկացվել են ռուսական ընտրություններ, խլել են ընտրությունների ինստիտուտը»,- ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Ըստ նախագահի` այս ընտրություններից հետո շատ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող են լինել երկրում նոր ընտրությունները, եթե ոչինչ չի փոխվել։
Նա ընդգծել է` չի ընդունում ընտրությունների արդյունքները. դրանք ընդունելն անթույլատրելի է։
«Մեր քաղաքացիները զրկվել են ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից, մեր արտագաղթյալները զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ տեղամասեր չբացելով, եւ ոչ միայն դա։
Այնքան բան կա պարզելու։ Ես շատ շնորհակալ եմ մեր արտասահմանյան գործընկերներին՝ դիտորդներին, որոնք գրի են առել տեղի ունեցած խախտումները»,- ասել է Զուրաբիշվին։
Դիմելով ժողովրդին` նախագահն ասել է, որ նրանք հաղթել են, եւ ոչ ոք իրավունք չունի ժողովրդից խլել այս եվրոպական ընտրությունները։
Ըստ Զուրաբիշվիլիի` ընտրական կեղծարարությունը սպիտակեցնելու համար օգտագործվել է տեխնոլոգիա:
«Մենք իրականում զոհ գնացինք ռուսական հատուկ գործողության՝ հիբրիդային պատերազմի նոր ձեւերից մեկի, որն իրականացվեց մեր ժողովրդի, մեր երկրի վրա»,- ընդգծել է նախագահը։
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ