Ճապոնիայում կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող կոալիցիան, որը գլխավորում է «Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը», 15 տարվա ընթացքում առաջին անգամ կորցնում է մեծամասնությունը, հաղորդում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, քվեների հաշվարկը շարունակվում է, սակայն արդեն պարզ է, որ լիբերալ-դեմոկրատները եւ նրանց կոալիցիոն գործընկեր «Կոմեյտո» կուսակցությունը չեն կարողանա ստանալ 233 մանդատ՝ մեծամասնության համար անհրաժեշտ քանակը։
Միեւնույն ժամանակ, գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը, մեծ հավանականությամբ կբարելավի իր դիրքերը։ Վերլուծաբանները կարծում են, որ այն կարող է ստանալ 190-ից ավելի մանդատ խորհրդարանում։
Ճապոնիայում կայացած ընտրությունները արտահերթ էին։ Դրանք նախաձեռնել էր երկրի վարչապետի պաշտոնում հոկտեմբերի սկզբին ընտրված լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Սիգերու Իշիբան։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը Ճապոնիայի խոշորագույն կուսակցությունն է։ Կարճատև ընդմիջումներով (ընդհանուր առմամբ՝ չորս տարվա) այն իշխանության է եղել իր հիմնադրումից՝ 1955 թվականից ի վեր։ Լիբերալ-դեմոկրատների և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան գոյություն ունի 2009 թվականից։