Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման նպատակով Կատարի մայրքաղաք Դոհայում վերսկսված բանակցությունների ֆոնին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ շարժումը բաց է Իսրայելի հետ երկխոսության համար։ Այս մասին գրում է The Times of Israel թերթը։
Հաղորդվում է, որ Կատարում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Հուսամ Բադրանի հայտարարության համաձայն, որը տարածել է Shehab լրատվական գործակալությունը՝ Իսրայելի հետ համաձայնության հասնելը հնարավոր է դիտարկվում։ «Մեր պահանջները պարզ են: Գործարքը կարող է կնքվել, եթե [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուն պարտավորվի կատարել այն ամենը, ինչի շուրջ նախկինում պայմանավորվածություն էր ձեռք բերել»,- ասվում է հայտարարության մեջ:
Հստակ չէ, թե արդյոք Բադրանի հայտարարությունները պատասխանն են Գազայում երկօրյա հրադադարի մասին Եգիպտոսի կողմից նախօրեին ներկայացված առաջարկի, որով նաեւ դիտարկվում է չորս իսրայելցի պատանդների ազատ արձակում մի քանի պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց:
Ավելի վաղ սաուդյան Al Arabiya լրատվական ալիքը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ընդունելու Եգիպտոսի առաջարկը, եթե Իսրայելը համաձայնի այն դիտարկել հնարավոր համապարփակ գործարքի մաս։
ՀԱՄԱՍ-ի աղբյուրները սաուդյան Asharq News հեռուստաալիքին հաղորդել են, որ շարժումը նախընտրում է Իսրայելի հետ կնքել ոչ թե մասնակի համաձայնագրեր, այլ համապարփակ կարգավորման համաձայնագիր, հաղորդում է The Times of Israel-ը: