Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) ֆինանսավորմամբ «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում Հայաստանում անցկացվեց ագրոանտառաբուծության առաջին կոնֆերանսը (AFCA 2024)։
Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել եւ քննարկել Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հեռանկարները։
«Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի նախնական փուլում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետազոտական թիմն իրականացնում է ագրոանտառաբուծական համակարգերի նախագծմանն ու ներդրմանն ուղղված ուսումնասիրություն։ Դրա ավարտից հետո հնարավոր կլինի ներդնել երկարաժամկետ համակարգեր։
2025 թվականից պիլոտային ծրագիր կիրականացվի․ ագրոանտառներ կկառուցվեն Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բալակ, Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Թթուջուր, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրերում։ Այս համայնքներում արդեն ընտրվել են համայնքապատկան հողատարածքները, որտեղ շուտով նոր ագրոանտառներ են հիմնվելու։
Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան եւ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին նշեց՝ ագրոանտառաբուծությանն առնչվող մարտահրավերների քննարկումը շատ կարեւոր է, ապա հույս հայտնեց, որ 2025-ին մեկնարկող պիլոտային ծրագրի իրականացումն արդյունավետ կլինի։
Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Համազասպ Դանիելյանը վստահեցրեց՝ ագրոանտառային տնտեսությունն արդյունավետորեն վարելու դեպքում հնարավոր է բարելավել հողի բերրիությունը, բարձրացնել մշակաբույսերի բերքատվությունը, ավելացնել արտադրողականությունը, նվազեցնել մշակաբույսերի վարակներն ու հիվանդությունները։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ծրագրի ավագ համակարգող, ռեկտորի խորհրդական Էմիլ Գեւորգյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ ծրագրի այն բաղադրիչը, որի իրագործման հարցում մեծ ներդրում պիտի ունենա համալսարանը, վերաբերում է ագրոանտառաբուծությանն ու քամուց պաշտպանող անտառաշերտերի ստեղծմանը։
«Մեր նպատակն է՝ ընտրել տեղանքներ՝ կիրառելով գիտական, միջազգային չափորոշիչներ, ապա նախագծել ագրոանտառաբուծության համակարգերի ներդրման, կառավարման ծրագրեր։ Այնուհետեւ այդ ամբողջ տեղեկությունը պիտի տրամադրենք Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գրասենյակին, որպեսզի հաջորդիվ այդ ծրագրերն իրագործվեն։ Այսինքն՝ այժմ մեկնարկային հետազոտոտություններ ենք անցկացնում ծրագրի իրականացման համար»,- պատմեց Էմիլ Գեւորգյանը։
«Ագրոանտառները դասական անտառներ չեն լինելու։ Սա սովորական անտառվերականգնման ծրագիր չէ։ Լինելու են ծառեր, թփեր, վայրի պտղատեսակներ, որոնք նպաստելու են հողերի ընդհանուր միկրոկլիմայի ստեղծմանը։ Մեր նպատակներից է նաեւ հողերի էրոզիայի կանխումը»,- մանրամասնեց Էմիլ Գեւորգյանը։
Օրինակ՝ Բալակ բնակավայրում մի տարածք կա, որտեղ նախկինում միշտ հացահատիկ են ցանել։ Այդ հողի արտադրողականությունը շատ ցածր է․ մասնագետներին սրա մասին նաեւ բնակիչներն են պատմել։
«Բալակում գտնվող այդ տարածքում քամիներ շատ են լինում, ուստի ծառերի շարքերով քամեպաշտպան շերտ պիտի ստեղծենք, որից հետո հնարավոր կլինի այդտեղ նաեւ բակլազգիներ, ծառաթփային բույսեր, սեւ մասուր մշակել, բարելավել հողի մեխանիկական կազմը, բերրիությունը։ Այս ծրագրի արդյունավետությունը նկատվելու է տարիների ընթացքում․ ծառերը պետք է լավ մշակել, ոռոգման ջրի հասանելիության խնդիրը եւս անհրաժեշտ է լուծել։ Դրանից հետո՝ մի քանի տարի անց, հնարավոր է այդ տարածքներում նաեւ ծնեբեկ մշակել։ Այսինքն՝ ագրոանտառում կլինեն ծառերի շարքեր, դրանց արանքներում էլ՝ այլ մշակաբույսեր»,- մանրամասնեց Էմիլ Գեւորգյանը։
Նա վստահեցրեց՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը միշտ պատրաստ է գյուղատնտեսությամբ զբաղվողներին խորհրդատվություն տրամադրելու։ Համալսարանը ջանում է Հայաստանում այս ոլորտին առնչվող գիտամանկաբարժական միտքը զարգացնել։
Նրանք, ովքեր այս համայնքներում ներգրավված են լինելու ագրոանտառների ստեղծման աշխատանքներում, անշուշտ, խորհրդատվություն են ստանալու մասնագետների կողմից։ Դասընթացները լինելու են ոչ միայն դասական մշակության, այլեւ մարկետինգի, կառավարման մեխանիզմների, ներդրումների մասին։
Ընդհանուր առմամբ այդ ծրագիրը ոչ միայն բնապահպանական, այլեւ տնտեսական խնդիրներ է լուծելու, այդ թվում՝ նոր աշխատատեղեր են հիմնվելու։
Էմիլ Գեւորգյանը պարզաբանեց՝ քանի որ հողատարածքները համայնքապատկան են, դեռեւս պարզ չէ, թե որ կառույցը կզբաղվի ագրոանտառների կառավարմամբ։ Հնարավոր է՝ կոոպերատիվները դա կառավարեն, բայց գյուղացիներն առանձնապես հակված չեն կոոպերատիվներում աշխատելու։ Հնարավոր է նաեւ աշխատավորների կոոպերատիվներ ստեղծել, որտեղ մարդիկ պայմանագրային հիմունքով աշխատում են, եւ պարտադիր չէ, որ բաժնետեր լինեն։ Այդ մոդելները պետք է ուսումնասիրել։
Սյունիքի մարզի Բալակ բնակավայրի բնակիչ Նորա Նիկոլոյանը, որը ներկա էր կոնֆերանսին, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց՝ տարբեր ծառատեսակներ, ծնեբեկ, սխտոր, կարտոֆիլ ու կաղամբ է մշակում։
«Հույս ունենք, որ առաջիկայում, երբ մեր բնակավայրում ագրոանտառ կստեղծվի, նոր աշխատատեղերն էլ շատ կլինեն, եւ երիտասարդների գործազրկության խնդիրը որոշակիորեն կլուծվի։ Դրա շնորհիվ նրանք ստիպված չեն լինի հեռանալ հարազատ գյուղից։ Հողը ոսկի է։ Եթե հողը սիրես, նա էլ քեզ կսիրի, կապրեցնի։ Հողը պետք է մշակել»,- ասաց Նորա Նիկոլոյանը։
Նույն բնակավայրի բնակիչ Գայանե Հարությունյանն էլ պատմեց՝ մասնագետները մի քանի ամիս առաջ են եղել իրենց գյուղում։ Գյուղացիներն ակնկալում են, որ մասնագետների խորհրդատվության շնորհիվ քամեպաշտպան ծառեր (սալորենի, տանձենի, խնձորենի) կտնկեն, եւ քամոտ հողատարածքներում հնարավոր կլինի ոչ միայն ցորեն, գարի, առվույտ, այլեւ ծնեբեկ աճեցնել։
«Հիմա հիմնականում տնամերձ հողատարածքում ենք կարողանում ծնեբեկ աճեցնել։ Եթե այդ քամեպաշտպան ծառերը, իսկապես, արդյունավետ լինեն, ապա տարբեր մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն կունենանք։ Եթե անգամ մեզ վաճառքի հարցում չաջակցեն, մենք ծնեբեկի իրացման խնդիր չենք ունենա։ Այն շատ պահանջված է, ռեստորանները շատ են գնում։ Հույս ունենք, որ այս ծրագրի շնորհիվ նոր ձեռքբերումներ կունենանք»,- ասաց Գայանե Հարությունյանը։
Լոռու մարզի Սպիտակ համայնքի Լեռնավան գյուղի բնակիչ Էմիլյա Սարգսյանը «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի շրջանակում մեկնել է Ավստրիա, 10-օրյա դասընթացի մասնակցել, գյուղատնտեսական ոլորտի նոր գիտելիքներ ստացել, որոնց մասին, բնականաբար, պատմել է նաեւ համագյուղացիներին։
Լեռնավանում եւս 2025 թվականին ագրոանտառ կկառուցվի։ Էմիյլան պատմեց՝ գյուղացիները հատկապես աշխատատեղ ունենալու հեռանկարով են ոգեւորվել։ Էմիլյայի ընտանիքը կարտոֆիլ, ցորեն ու գարի է մշակում։
«Ավստրիայում անցկացված 10-օրյա դասընթացների ընթացքում շատ բան սովորեցի։ Այնտեղ նույնիսկ թունաքիմիկատներ չեն օգտագործում, որպեսզի բերքն էկոլոգիապես մաքուր լինի։ Թունաքիմիկատների փոխարեն բույսերից ստացված նյութեր են կիրառում։ Պարկերով պարարտանյութ գնելու փոխարեն էլ չոր խոտի, տերեւների, գոմաղբի միջոցով բնական հումուս են ստանում ու հողը պարարտացնում։ Կարծում եմ՝ այս տեխնոլոգիաները մենք էլ կարող ենք կիրառել։ Հուսով եմ, որ այս ծրագրի շնորհիվ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, իսկ բերքատվությունը՝ բարձր»,- եզրափակեց Էմիլյա Սարգսյանը։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։