Կրեմլը «կտրականապես մերժում է» Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու առնչությամբ Ռուսաստանի դեմ հնչող մեղադրանքները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նման մեղադրանքներ հնչեցնելը շատ երկրների համար ստանդարտ բնույթ ունի։ Գրեթե անմիջապես Ռուսաստանին մեղադրում են միջամտության համար։ Ո՛չ, դա ճիշտ չէ: Ոչ մի միջամտություն չի եղել։ Մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Interfax գործակալությունը։
Պեսկովը նաեւ նշել է, որ հենց Վրաստանի ներսում է «հրապարակայնորեն հայտարարվում» եւ «իրավիճակը ապակայունացնելու փորձեր արվում»։ Սրանով Պեսկովը բնութագրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վերջին հայտարարությունները, որտեղ նա իր անհամաձայնությունն էր հայտնում խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներին եւ կոչ էր անում ընդդիմադիր ուժերին հոկտեմբերի 28-ի երեկոյան դուրս գալ բողոքի ցույցերի։
«Միջամտության փորձերը տեսանելի են նաեւ անզեն աչքով, բայց ոչ Ռուսաստանից: Հսկայական թվով ուժեր եվրոպական երկրներից, եվրոպական տարբեր կառույցներից փորձեցին ազդել այս քվեարկության արդյունքի վրա։ Ոչ ոք դա նույնիսկ չի թաքցրել, դրանք հրապարակային հայտարարություններ էին, ի տարբերություն Մոսկվայի»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը եւ հավելել:- Մենք Վրաստանի ներքին գործերին չենք խառնվում եւ խառնվելու մտադրություն էլ չունենք»։
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հաճախ անվանում են «ռուսամետ», ստացել է ձայների 53.9%-ը։ Խորհրդարան են անցել նաեւ արեւմտամետ դիրքորոշում ունեցող չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները եւ դրանք համարում են կեղծված։ Երկու ամենահայտնի կուսակցությունները՝ «Փոփոխությունների կոալիցիան» եւ «Միացյալ ազգային շարժումը», պաշտոնապես հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների ճանաչումը կնշանակի «Ռուսաստանի մուտք եւ Վրաստանի ենթակայություն»։