ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Հարավային Կորեայի հետախուզության ղեկավարության հետ այսօր կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կարող է արդեն պաշտոնապես հաստատել Ռուսաստանի Կուրսկի մարզ Հյուսիսային Կորեայից տեղափոխված զինվորականների ներկայության մասին տեղեկությունները:
«Հյուսիսկորեացի զինվորականների տեղափոխումը Կուրսկի մարզ Պուտինի անելանելիության աճող զգացումի վկայությունն է։ Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի խորացող ռազմական համագործակցությունը սպառնալիք է ինչպես հնդկա-խաղաղօվկիանոսյան, այնպես էլ եվրաատլանտյան տարածաշրջանների համար»,- լրագրողներին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նախորդ շաբաթ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախ նշեց, որ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ռուսաստանում կարող են գտնվել մոտ երեք հազար հյուսիսկորեացի զինվորականներ, իսկ ուրբաթ հայտարարեց, որ նրանց թիվը կարող է ավելին լինել։
Ավելի վաղ հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ Փհենյանը նախատեսում է մոտ 12 հազար զինվոր ուղարկել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար։ Զորքերի մի մասն արդեն հասել է Հեռավոր Արեւելք, պնդել են հետախույզները։
Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովն էլ հայտնել էր, որ Ռուսաստանի արեւելքում վերապատրաստվում է 11 հազար հյուսիսկորեացի զինվորական, որոնք մինչեւ նոյեմբերի 1-ը պատրաստ կլինեն մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նա չէր հայտնել այս տեղեկատվության աղբյուրը, սակայն նշել էր, որ 2600 զինվորից բաղկացած առաջին ստորաբաժանումը կուղարկվի Կուրսկի շրջան։
Այս հաղորդումներից հետո Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ-Լյոնը չնախատեսված անվտանգության նիստ էր անցկացրել հետախուզության պաշտոնյաների եւ բանակի հրամանատարության հետ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ ընդգծվել էր, որ ռազմական բեռներից զորքերի տեղակայման վերաճած համագործակցությունը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Կորեայի Հանրապետությանը, այլ նաեւ ամբողջ աշխարհին՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը։
Հոկտեմբերի 21-ին էլ Կորեայի Հանրապետության արտգործնախարարությունը հայտնեց, որ գերատեսչություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որին ԱԳ նախարարի առաջին տեղակալ Կիմ Հոնգ Կյուն փոխանցել է Սեուլի «հաստատուն դիրքորոշումը» Հյուսիսային Կորեայի կողմից վերջերս Ռուսաստան զորքեր ուղարկելու վերաբերյալ եւ կոչ արել անհապաղ դուրս բերել հյուսիսկորեական զորքերը, ինչպես նաեւ դադարեցնել Փհենյանի հետ հարակից համագործակցությունը: