Վրաստանյան ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց հավաքված հանրահավաքի մասնակիցներին ներկայացրել են գործողությունների ծրագիրը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Ընդդիմադիր «Միասնություն — Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է.
«Առաջին՝ ինչպես դուք, այնպես էլ՝ մենք, այս ընտրությունները ոչ լեգիտիմ ենք ճանաչում։ Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, ոչ միայն մանդատներից կհրաժարվենք, այլեւ ընտրացուցակները կցրենք։ Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչեւ հաղթենք, եւ մենք միասին ենք հաղթելու։ Չորրորդ՝ մենք ունենք ընտրությունները նորից անցկացնելու շատ կոնկրետ պահանջ, բայց ընտրությունները պետք է անցկացնի Միջազգային ընտրական վարչությունը։ Մենք չենք պատրաստվում գնալու որեւէ բանակցության, չենք պատրաստվում որեւէ երկխոսություն վարելու։ Միակ բանակցությունն ու համաձայնությունը պետք է լինեն նոր ընտրությունների շուրջ, որոնք կանցկացվեն միջազգային վարչակազմի կողմից»:
Խորհրդարանի դիմաց շարունակվում է Վրաստանի նախագահի եւ ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած բողոքի ակցիան։
Հոկտեմբերի 28-ին Վրաստանի նախագահը կոչ էր արել հանրությանը հավաքվել խորհրդարանի մոտ՝ հայտնելու իրենց դիրքորոշումը ոչ լեգիտիմ ընտրությունների վերաբերյալ։
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ