Թուրքիան հետեւում է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու անկեղծ ջանքերին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության անդամների հետ կայացած հանդիպման ժամանակ։
«Մեր ցանկությունն է շուտափույթ ստանալ լավ ու բարի լուր, քանի դեռ այդ գործընթացը սաբոտաժի ենթարկողների համար հնարավորություն չի առաջացել։ Որպես Թուրքիա՝ Ադրբեջանի մեր եղբայրների հետ համատեղ շարունակելու ենք աշխատել կայուն խաղաղության հաստատման համար»,- ասել է Էրդողանը։
Անդրադառնալով հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարաների մասնակցությամբ կայացած 3+3 հարթակի նիստին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ դա տարածաշրջանի սեփականության ընկալման լավագույն օրինակն է, որը բավարարում է կարեւոր կարիքներ։
Էրդողանը նաեւ նշել, է որ առաջիկայում փորձ կկատարվի հարթակը ապահովելու ինստիտուցիոնալ կառուցվածքով՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ինչպիսի կառուցվածքային ձեւի կամ բնույթի մասին է խոսքը։
Նա հավելել է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել։ «Այժմ խաղաղության քամիներ են փչում այս տարածաշրջանում, որը ժամանակին հայտնի էր ցավով, օկուպացիայով եւ հակամարտությամբ»: