Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որ նախօրեին ժամանել էր Թբիլիսի, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում շնորհավորել է ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ եւ նշել, որ մինչ Վրաստան այցելելը սպասում էր ընտրությունների արդյունքներին, որպեսզի նրա այցը չընկալվի որպես միջամտություն, գրում է InterPressNews-ը։
«Ես չէի ցանկանում Վրաստան գալ նախընտրական քարոզարշավի ժամանակ, քանի որ դա կարող էր ընկալվել որպես մեր միջամտության փորձ։ Սպասեցինք արդյունքներին, հետո որոշեցինք գալ Թբիլիսի, ուստի շնորհակալություն ընտրություններից հետո հրավերի համար։ Երկու երկրների հարաբերությունները փոխշահավետ են եւ դրական։ Չգիտեմ՝ ինչու է դա տեղի ունենում, երեւի պատճառները պատմական են, քանի որ դուք ազատության համար պայքարող ժողովուրդ եք, մենք էլ նույն ոգին ունենք։ Մեր շուրջը ուժեղ պետություններ են, եւ մենք միշտ պայքարում ենք ինքնիշխանության եւ ազատության համար»,- ասել է վարչապետ Օրբանը։
Հունգարիայի վարչապետը հաջորդիվ հավելել է, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները վերահսկվել են նաեւ հունգարացի դիտորդների կողմից, որոնք ընտրությունները գնահատել են որպես «դրական, ազատ եւ ժողովրդավարական»։
«Ես հետեւում եմ ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո սկսված քննարկմանը։ Ծանոթացել եմ նաեւ միջազգային արձագանքներին։ Կարող եմ ասել, որ ոչ ոք չհամարձակվեց պնդել, որ այս ընտրությունները կամ դրանց արդյունքները որեւէ կերպ ոչ ժողովրդավարական էին, բացի այն քննադատական կարծիքներից, որ հնչեցին»,- հայտարարել է Օրբանը։
Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության հաղորդմամբ՝ Հունգարիայի վարչապետը նաեւ անդրադարձել է պատերազմի թեմային։
«Մենք գիտենք, թե ինչ է պատերազմը, քանի որ դա տեղի է ունենում հարեւան երկրում։ Մենք նաեւ հասկանում ենք, թե որքան կարեւոր է խաղաղությունը։ Հունգարիան Եվրոպայում խաղաղասեր երկիր է, եւ մենք գնահատում ենք ձեր ջանքերը, քանի որ դուք նույնպես խաղաղության կողմնակից եք։ Ոչ ոք չի ուզում, որ իր երկիրը կործանվի ու ներքաշվի պատերազմի մեջ։ Ուստի մենք հասկանում ենք վրաց ժողովրդի կայացրած որոշումը՝ խաղաղության ընտրությունը»,- հայտարարել է Օրբանը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր հերթին ասել է, որ Վիկտոր Օրբանի այցը Եվրամիության խորհրդում Հունգարիայի նախագահության ընթացքում առանձնահատուկ նշանակություն ունի։
«Մեր արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը Եվրամիությանն ինտեգրումն է։ Այս համատեքստում Հունգարիան շատ կարեւոր է»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում գործընկերները մշտապես քննադատում են «Վրացական երազանքին» իր ձեռնարկած քայլերի համար՝ համարելով, որ այն շեղվել է եվրաինտեգրման ճանապարհից, Օրբանը բազմիցս է հայտարարել, որ համաձայն չէ այս տեսակետին։
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հաճախ անվանում են «ռուսամետ», ստացել է ձայների 53.9%-ը։ Խորհրդարան են անցել նաեւ արեւմտամետ դիրքորոշում ունեցող չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները եւ դրանք համարում են կեղծված։ Երկու ամենահայտնի կուսակցությունները՝ «Փոփոխությունների կոալիցիան» եւ «Միացյալ ազգային շարժումը», պաշտոնապես հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների ճանաչումը կնշանակի «Ռուսաստանի մուտք եւ Վրաստանի ենթակայություն»։