Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը «Վրաստանում ժողովրդավարական հետընթացի» եւ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին։
Դրանում նախագահը վստահեցնում է, որ Միացյալ Նահանգները վաղուց է աջակցում վրաց ժողովրդին, Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու եվրաատլանտյան նկրտումներին:
«Ահա թե ինչու եմ խորապես անհանգստացած երկրի վերջին ժողովրդավարական հետընթացով, ներառյալ այնպիսի օրենքների ընդունումով, ինչպիսին Ռուսաստանինն է, որը սահմանափակում է հիմնարար ազատությունները եւ կրճատում է անկախ քաղաքացիական հասարակության տարածքը»,- ասում է Բայդենը:
ԱՄՆ նախագահը նշում է, որ Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի բազմաթիվ փաստագրված չարաշահումներով, ինչպես նաեւ ընտրողների ահաբեկմամբ եւ հարկադրանքով։
«Վրաստանի քաղաքացիներն իրավունք ունեն խաղաղ ճանապարհով արտահայտելու իրենց տեսակետները այս ընտրությունների անցկացման վերաբերյալ, որոնք անկախ միջազգային եւ տեղական դիտորդները չեն համարել ազատ եւ արդար։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը թափանցիկ հետաքննություն անցկացնել բոլոր ընտրական խախտումների վերաբերյալ եւ չեղյալ հայտարարել այնպիսի օրենքները, ինչպիսին է, այսպես կոչված, «Արտաքին ազդեցության օրենքը», որը սահմանափակում է հավաքների եւ արտահայտվելու ազատությունները, ինչպես նաեւ սկսել անհապաղ ներառական երկխոսություն Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների ամբողջականությունը վերականգնելու նպատակով»,- ասվում է Բայդենի ուղերձում։
ԱՄՆ նախագահը նաեւ բոլոր կողմերին կոչ է անում խստորեն հարգել օրենքի գերակայությունը եւ հիմնարար ազատությունները, որոնք շարունակում են հիմք լինել Վրաստանի եվրաատլանտյան ապագայի համար։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, որը հաճախ անվանում են «ռուսամետ», ստացել է ձայների 53.9%-ը։ Խորհրդարան են անցել նաեւ արեւմտամետ դիրքորոշում ունեցող չորս ընդդիմադիր կուսակցություններ։ Բոլորն էլ հայտարարել են, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները եւ դրանք համարում են կեղծված։ Երկու ամենահայտնի կուսակցությունները՝ «Փոփոխությունների կոալիցիան» եւ «Միացյալ ազգային շարժումը», պաշտոնապես հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընտրությունների արդյունքների ճանաչումը կնշանակի «Ռուսաստանի մուտք եւ Վրաստանի ենթակայություն»։