Փոխնախագահ եւ ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ մեծ ելույթով է հանդես եկել Վաշինգտոնում իր համակիրների բազմահազարանոց հավաքի ժամանակ։
«Բարի երեկո, Ամերիկա: Մեկ շաբաթից դուք հնարավորություն կունենաք որոշում կայացնելու, որն անմիջականորեն կանդրադառնա ձեր կյանքի, ձեր ընտանիքի կյանքի եւ այս երկրի ապագայի վրա, որը մենք այնքան սիրում ենք»,- ասել է դեմոկրատ թեկանծուն:
Նրա խոսքերով՝ սպասվող ընտրությունները «ավելին են քան, ընտրություն երկու կուսակցությունների եւ երկու տարբեր թեկնածուների միջեւ»։
«Այս ընտրությունից է կախված այն, թե արդյոք մենք կունենանք այնպիսի երկիր, որը հիմնված կլինի յուրաքանչյուր ամերիկացու ազատության վրա, թե կունենանք երկիր, որը կկառավարվի քաոսով եւ երկպառակություններով։ Եկել է ժամանակը ամերիկացի նոր սերնդի առաջնորդների համար»,- հայտարարել է դեմոկրատ թեկնածուն։
Հարիսի հանրահավաքի վայրը պատահական ընտրված չէր, դա Սպիտակ տան հարեւանությամբ գտնվող հայտնի Էլիպս այգին էր։ Այստեղ 2021 թվականի հունվարի 6-ին նրա ընտրական մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփը ելույթ էր ունեցել կողմնակիցների առջեւ մինչ նրանց Կապիտոլիում ներխուժելը:
Գործող ԱՄՆ փոխնախագահի խոսքերով՝ Դոնալդ Թրամփը «մոտ չորս տարի առաջ կանգնեց հենց այս տեղում եւ զինված ամբոխ ուղարկեց Կապիտոլիում, որպեսզի մերժեր ժողովրդի կամքը՝ դրսեւորված ազատ եւ արդար ընտրությունների ժամանակ՝ գիտակցելով, որ պարտվել է դրանցում։
«Սա մի մարդ է, ով անկայուն է, վրեժխնդրությամբ լցված, վրդովմունքով տարված եւ անսահմանափակ իշխանության ձգտող»,- ասել է Հարիսը:
Դեմոկրատ թեկնածուի նախընտրական շտաբի գնահատմամբ՝ հավաքին ներկա է եղել ավելի քան 75․000 մարդ:
Մինչ Հարիսը ելույթ էր ունենում Վաշինգտոնում, հանրապետական Դոնալդ Թրամփը իր նախընտրական հավաքն էր անցկացնում Փենսիլվանիայի Ալլենթաուն քաղաքում, որն առանցքային նահանգներից է եւ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների եքի վրա:
«Դուք հիմա ավելի լա՞վ եք ապրում, քան չորս տարի առաջ»: Նման հարցադրմամբ նախկին նախագահը սկսեց իր ելույթը՝ կրկնելով իր խոստումները, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում կնվազեցնի գնաճը եւ «կդադարեցի միգրանտների ներխուժումը» Միացյալ Նահանգներ։
«Քամալան մեզ խայտառակել է։ Հաջորդ երեքշաբթի դուք պետք է ոտքի կանգնեք եւ ասեք Քամալային, որ բավական է, որ դուք այլեւս չեք պատրաստվում դա հանդուրժելու»,- հայտարարել է Թրամփը:
Նախորդ կիրակի Թրամփն արդեն անցկացրել էր մեծ հանրահավաք։ Նա ելույթ էր ունեցել Մանհեթենի սրտում գտնվող հայտնի Madison Square Garden արենայում, որտեղ միլիարդատեր Իլոն Մասկը եւ այլ հայտնի մարդիկ եկել էին նրան աջակցելու:
Այս հանրահավաքը նույնպես չէր անցել առանց սկանդալների։ Միջոցառմանն իր ելույթի ժամանակ կատակերգու Թոնի Հինչքլիֆը Պուերտո Ռիկոն անվանեց «աղբի լողացող կղզի», ինչը արժանացավ հանրապետականների եւ դեմոկրատների քննադատությանը: