Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շղթայազերծված պատերազմի սկզբից անցել է ավելի քան մեկ ամիս:
Դրամատիկ քայլեր կիրառելով՝ Իսրայելը կարողացել է ծանր հարվածներ տալ «Հեզբոլլահ» կուսակցությանն ու նրա ռազմական թեւին՝ սպանելով առաջնորդներին եւ կարեւոր քաղաքական ու ռազմական դեմքերի, ոչնչացնելով ռազմակայաններ, բնակավայրեր… Այդքանով հանդերձ՝ մինչեւ այս պահը Իսրայելի հիմնական նպատակ-ծրագիրը շատ հեռու է իրականանալուց։ Իսկ այդ նպատակը հայտնի է. Իսրայելի գերխնդիրն է «Հեզբոլլահ»-ի ուժերը հետ մղել Լիբանան-Իսրայել սահմանից եւ սահմանային այդ շրջաններում ապահովել լիբանանյան բանակի ներկայությունը։
Այս հարցերը, մանավանդ՝ հրադադարի հաստատման գլխավոր հովանավոր դառնալու դրույթը, ներքաղաքական վեճի առարկա է Լիբանանի քաղաքական շրջանակների համար, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ըմբռնումները, որոնք տարբերվում են երկրում միասին ապրելու կոչված մյուս համայնքների կամ խաղացողների ըմբռնումներից:
Նախքան այս պատերազմը Լիբանանում քաղաքական երկու դիսկուրս կար: Առաջինը մինչեւ հիմա էլ ամբողջությամբ հավատում է «Հեզբոլլահ»-ի ներուժին՝ վստահ լինելով, որ Լիբանանի հարավային սահմանների եւ այնտեղ ապրող շուրջ մեկ միլիոն լիբանանցիների անվտանգության միակ երաշխավորն այդ կուսակցությունն է, որին դրսի աշխարհը հաճախ է անվանում «պետություն՝ պետության» մեջ: Իսկ երկրորդ քաղաքական դիսկուրսը, որ այսօր է՛լ ավելի հարձակողական հիմքերի է վրա դրել իր խոսույթը, համոզված է՝ վերջապես եկել է ժամանակը, որ «Հեզբոլլահ»-ն իր զենքերը հանձնի իրավապահ մարմիններին, իսկ նրա ռազմական ուժի լավագույն ու մարզված տարրերը միանան երկրի կանոնավոր բանակի շարքերին:
Լիբանանն ընկճող այս տարակարծությունները (որոնց պատճառով էլ երկրի քաղաքական վերնախավը հայտնվել է նոր նախագահ ընտրելու անկարելիության առաջ) հետզհետե ավելի են խորանում:
Մի կողմից՝ «Հեզբոլլահ»-ը շարունակում է իր դիմադրությունը Լիբանան-Իսրայել սահմանի ամբողջ երկայնքով եւ իր հերթին ինքն էլ ծանր հարվածներ է հասցնում իսրայելական բանակին, մյուս կողմից՝ իսրայելական բանակը շարունակում է վրեժ լուծել սահմանին իր կրած կորուստների համար (միայն իսրայելյան մասնակի ցամաքային գործողության ընթացքում, ըստ իսրայելական ԶԼՄ-ների, զոհվել են բանակի 500, եւ վիրավորվել 4000-ից ավելի զինվորներ): Վրեժ լուծելով՝ Իսրայելն անխնա հարվածում է Լիբանանի խաղաղ բնակչության բնակավայրերը:
Օրեր առաջ Լիբանանի Բեքաայի շրջանում Իսրայելի հարվածներից զոհվել է 67 խաղաղ բնակիչ, որոնք, թեեւ լիբանանցի են, ոչ մի կապ չունեն այս պատերազմի հետ:
Ստեղծված իրականության մեջ շարունակվում են քաղաքական ճիգերը, որոնք, սակայն, մեծ հաշվով ապարդյուն են։
Կա նաեւ վերլուծաբանների կարծիք, որ Միացյալ Նահանգների բանագնացները, որոնք հերթաբար այցելում են Թել Ավիվ ու Բեյրութ, ունեն այն խորքային համոզումը, թե ներկա փուլում անհնար է հրադադար հաստատել, քանի որ բոլոր կողմերը հայտնվել են սպասողական դրության մեջ. ոչ ոք չի ուզում առաջինը զիջել եւ առաջինը «ախ» քաշելով նստել համաձայնության սեղանի շուրջ:
Վերջին օրերին իսրայելյան մամուլի հրապարակումները ցույց են տալիս, որ ցամաքային ներխուժման ընթացքում Իսրայելի կրած ծանր հարվածների եւ դժվար առաջխաղացման պատճառով չի բացառվում, որ Իսրայելն ամբողջությամբ պաշարի Լիբանանը, ու այս միտքն իսրայելյան աղբյուրներում կրկնվում է ավելի ու ավելի հաճախ:
Վերլուծաբաններն այսպես են պատկերացնում այդ պաշարումը. Իսրայելն ամբողջությամբ կտրում է Լիբանան-Սիրիա ցամաքային սահմանը, սպառնալիքներ հնչեցնելով խափանում է Բեյրութի միջազգային օդակայանի աշխատանքն ու ապա շրջափակում Լիբանանի ծովային ճանապարհը:
Եթե Իսրայելին հաջողվի իրականացնել վերջին օրերին հաճախ քննարկվող այս ծրագիրը, ապա պատերազմը մտնելու է բոլորովին նոր փուլ, որի ընթացքում երիցս տուժելու են նաեւ Լիբանանում ապրող մեր հազարավոր հայրենակիցները: Լիբանանահայերը, որ երկարատեւ պատերազմների փորձ ու փորձառություն ունեն, կարող են մյուս համայնքների պես հայտնվել լուրջ սպառնալիքի առջեւ՝ մնալով պաշարման մեջ: Երկրում իր քաղաքական եւ այլ ներկայությունից բացի՝ լիբանանահայությունն ինքն իրեն մերձավորարեւելյան դարպաս է համարում, որի ամբողջական ներուժն ու հավատամքն ուղղված են դեպի Հայաստան։ Հայաստանի համար նույնպես ինչպես Սիրիան, այնպես էլ Լիբանանը արտաքին դարպասներ են, եւ ինչպես մյուս ծանր պահերին, այս դեպքում էլ Հայաստանը կրկին հայտնվելու է իր հայրենակիցներին օգնելու հրամայականի առջեւ: Քանի որ զանգվածային հայրենադարձություն չի կատարվում, Հայաստանը, բնականաբար, այլ ձեւերով է դրսեւորելու իր աջակցությունը՝ մարդասիրական օգնություն ուղարկելով հայերին, իմիջիայլոց՝ նաեւ երկրի ոչ հայ բնակիչներին:
Վերադառնալով հրադադարին՝ պարզից էլ պարզ է, որ դրա հաստատումը բնավ էլ պատերազմի ավարտ կամ տագնապի լուծում չի նշանակելու: Լիբանանը մտել է անորոշության ծանր փուլ, երկիրը տնքում է բազմաթիվ խնդիրների առջեւ, որոնցից այս փուլում հիմնականը հազարավոր գաղթականների հարցն է, որ կարող է վերածվել սպառնալիքի:
Մեկ այլ խնդիր է տնտեսական մաշող վիճակի պայմաններում պատերազմի ժամանակ հողին հավասարեցված հարյուրավոր բնակավայրերի վերակառուցման անկարելիությունը: Այս հարցերը Լիբանանը կարող են դարձնել աղետի գոտի… Եվ «Հեզբոլլահ»-ի անզիջում կեցվածքի պատճառով արաբական երկրները, աշխարհն ընդհանրապես, կարող են երես թեքել այդ աղետի գոտուց:
Լիբանանի հրաժարական տված (բայց դեռ գործող) կառավարությունն ու վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկատին ի վերջո անզոր են լինելու ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին իմաստով:
Այսօր ոչ ոք չգիտի, թե ով է տեր կանգնելու փլատակների փոշու տակ հայտնվող փոքրիկ Լիբանանին…
Սագո Արեան