Երեւանը Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագրի տեքստից դուրս թողնել այն առաջարկները, որոնց շուրջ կողմերը չունեն փոխադարձ համաձայնություն, եւ ստորագրել արդեն համաձայնեցվածները։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Տեղեկատվությունը հանրային է, այն մասին, որ մեր վերջին առաջարկը, ըստ էության, եղել է գործընթացը արագացնելու, հնարավորինս շուտ էական արդյունք՝ ստորագրման տեսքով, ունենալու համար, բոլոր հնարավոր առաջարկները, որոնց շուրջ չկա փոխադարձ համաձայնություն, դուրս թողնել տեքստից, եւ այն, ինչը որ արդեն համաձայնեցված է, տանել ստորագրման։ Դատելով հրապարակային արձագանքներից, նաեւ շփումների ընթացքում այս առաջարկը մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմից, եւ հիմա ունենք ըմբռնում այն մասին, որ կա մեկ-երկու ձեւակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք։ Սա էլ բանակցային նորմալ գործընթաց է»,- ասել է Միրզոյանը։
ՀՀ արտգործնախարարը զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ մոտ ապագայում բանակցություններում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձեւակերպումների շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման։
Անդրադառնալով սահմանազատման գործընթացին՝ Միրզոյանը նշել է, որ ներկա պահին, իր գնահատմամբ, դրա շարունակման համար որեւէ խոչընդոտ չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը արդեն վավերացրել է դեռ ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի ստորագրած սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի վավերացման գուծընթաց կատարվել է նաեւ Ադրբեջանում։
«Առաջիկայում կողմերը, ըստ էության, պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու վերաբերյալ, որից հետո արդեն 2024 թվականի այս մնացած ժամանակահատվածում եւ 2025 թվականին, մենք, հուսամ, որեւէ բան այս պահին խանգարող ինձ չի երեւում, սահմանազատման աշխատանքները կշարունակենք։ Բնականաբար որքան արագ եւ արդյունավետ, այնքան լավ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։