Եվրահանձնաժողովը Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու խորհուրդ չի տալիս: Ընդլայնման վերաբերյալ զեկույցը հրապարակել է Եվրահանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 30-ին։
Զեկույցում գնահատվում է, թե որքանով է Վրաստանը կատարել Բրյուսելի 9 հանձնարարականները և, համապատասխանաբար, արժանի է արդյոք շարունակելու եվրաինտեգրման գործընթացը թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։
Հենց այս զեկույցի հիման վրա պետք է որոշում կայացնի ԵՄ քաղաքականության որոշումներ կայացնող մարմինը՝ Եվրոպական խորհուրդը, որը բաղկացած է անդամ երկրների ղեկավարներից։ Պետք է նշել, սակայն, Եվրախորհուրդն արդեն երկու անգամ հայտարարել է, որ Վրաստանի եվրաինտեգրումը դե ֆակտո դադարեցված է վրացական իշխանությունների գործողությունների պատճառով, ինչը նշանակում է ռուսական օրենքի ընդունում և հակաարևմտյան այլ քայլեր։
Եվրահանձնաժողովը նշել է՝ եթե Վրաստանը չփոխի իր ներկայիս գործելաոճը, որը սպառնում է դեպի ԵՄ իր ուղուն, շոշափելի ջանքեր չցուցաբերի չլուծված խնդիրները լուծելու և առանցքային բարեփոխումներ իրականացնելու համար, Բրյուսելը չի կարող մտածել Վրաստանի հետ բանակցություններ սկսելու առաջարկի մասին:
Նշվում է՝ զգալի բացասական զարգացումներ են եղել. այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենք»-ի և «Ընտանեկան արժեքների մասին օրենք»-ի ընդունումը։ Նաև պաշտոնյաների հակաԵՄ նարատիվը զգալիորեն ազդել է Վրաստանի հետագծի վրա։ Արդյունքում դե ֆակտո դադարեցվել է Վրաստանի անդամակցության գործընթացը։
Բացի այդ՝ Վրաստանը քիչ առաջընթաց է գրանցել 2023 թվականին սահմանված ինը առաջարկությունների իրականացման հարցում:
«Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության նախնական եզրակացության համաձայն՝ լարված և խիստ բևեռացված միջավայրում եղել են թերություններ, որոնցից են ընտրական գործընթացի օրենսդրության ընթացիկ փոփոխությունները, քվեարկության գաղտնիության հաճախակի խախտումները, ընթացակարգային անհամապատասխանությունը, ընտրողների ճնշումներն ու ահաբեկումները, որոնք բացասաբար են ազդել գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա»,- նշված է զեկույցում:
Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին ընդունել ժողովրդավարական, համապարփակ և կայուն բարեփոխումներ՝ եվրոպական ինտեգրման հիմնական սկզբունքներին համապատասխան։ Վրաստանը պետք է առաջնահերթություն դարձնի ինը առաջարկությունների կատարումը։
Նաև Վրաստանը պետք է չեղարկի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և «Ընտանեկան արժեքների մասին» օրենքները, ձեռնպահ մնա այլ գործողություններից, որոնք խաթարում են օրենքի գերակայությունը և հիմնարար իրավունքները, որոնք ԵՄ-Վրաստան հարաբերությունների ամենակարևոր մասն են։ Վրաստանը պետք է վերականգնի ջանքերը գենդերային հավասարության հասնելու համար։
Վրաստանի համապատասխանությունը Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը դեռեւս ցածր է։ Թեեւ Վրաստանը քայլեր է ձեռնարկել իր տարածքով պատժամիջոցների խախտումները կանխելու համար, այդուհանդերձ, չի միացել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներին։
Ըստ զեկույցի՝ Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն ԵՄ արժեքների մասին ապատեղեկատվության տարածումը, փոխարենը պետք է պայքարեն ապատեղեկատվության և թշնամական քաղաքական հռետորաբանության դեմ։ Իշխանությունները պետք է ապահովեն լրատվամիջոցների, ընդդիմության և ակտիվիստների վրա հարձակումների պատշաճ հետաքննությունը։
Պետք է համալիր և արդյունավետ քայլեր ձեռնարկվեն օրենքի գերակայության, բարձր օղակներում կոռուպցիայի և օլիգարխիկ ազդեցության դեմ պայքարելու համար։ Նաև պետք է միջոցներ ստեղծվեն իրավապահ մարմինների նկատմամբ հանրային և խորհրդարանական բավարար վերահսկողության, պետական կառույցների անկախությունը երաշխավորելու համար։
Եվրամիությունը հավատարիմ է մնում Վրաստանի հետ իր գործընկերության խորացմանը՝ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնության ձգտումներին համապատասխան։
«Եթե Վրաստանը չշրջի իր ներկայիս կուրսը, որը վտանգում է նրա ուղին դեպի ԵՄ, և իրական ջանքեր չցուցաբերի՝ արձագանքելու հիմնական մտահոգություններին և առանցքային բարեփոխումներին, ապա Հանձնաժողովը չի կարողանա խորհուրդ տալ Վրաստանի հետ անդամակցության բանակցություններ սկսել»,- ասված է զեկույցում։
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ