Հայաստանն ու Թուրքիան վարում են դինամիկ երկխոսություն, որը առաջին հերթին վերաբերում է սահմանների բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
«Թուրքիայի հետ կրկին ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։ Հիշում եք երեւի, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչությունները աշխատանքներ են տարել սահմանին գտնվող անցակետի, ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ, եւ հիմա այդ աշխատանքները տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ։ Մեր երկխոսությունը նախ եւ առաջ այն մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերությունները, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային եւ այլ հաղորդակցություն եւ ընդհանրապես կարգավորեն հարաբերությունները»,- ասել Միրզոյանը։
Հիշեցնելով, որ Թուրքիան այս գործընթացները որոշակիորեն կապում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հետ՝ Միրզոյանը նշել է, որ նման մոտեցումն այնքան էլ կառուցողական չէ։
Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ փոխարենը Երեւանն է Անկարայի հետ երկխոսությունը վարում առանց նախապայմանների՝ հիշեցնելով, որ արդեն ձեռք են բերվել հստակ պայմանվորվածություններ, որոնք վերաբերում են երրորդ երկրների քաղաքացիների եւ Հայաստանի ու Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանը բացելուն։
Միրզոյանի խոսքերով՝ նշյալ պայմանավորվածություններից բացի կան նաեւ, իր բնութագրմամբ, «փոքրամասշտաբ որոշակի նախագծեր», որոնք, օրինակ, վերաբերում են Անիի մշակութայնին ժառանգությանը եւ Անիի կամրջին։
«Ուզում եմ ասել, որ այստեղ եւս կա դինամիկ երկխոսություն, եւ կրկին լավատեսություն հայտնել, որ մենք մոտ ապագայում այստեղ եւս կունենանք առաջընթաց։ Սա մեծ հաշվով ես նկարագրում եմ եւ ուզում եմ շեշտել այն բանի համար, որ կրկին հիշատակենք, արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Կառավարության թիվ մեկ արտաքին քաղաքական առաջնահերթությունը Հայաստանի շուրջ խաղաղության կայունության ապահովումն է եւ հարեւանների հետ զարգացումը»,- ասել Արարատ Միրզոյանը։