Մայիսյան ջրհեղեղից հինգ ամիս անց Ալավերդու Սանահին կայարան թաղամասում դեռ աղետի հետքեր կան։ Շենքերի բակերը կիսաքանդ են, փոշոտ՝ շինանյութով ու շինարարական աղբով լցված։ Բնակարանների մի մասը՝ դեռ չորանում, մի մասն էլ նորոգման փուլում է։
Ձմռանն ընդառաջ մարդիկ փորձում են օր առաջ ավարտել հիմնանորոգումն ու սեփական բնակարան տեղափոխվել։ Բայց, ասում են, ամեն ինչ չէ, որ իրենցից է կախված։
Սանահին կայարանի՝ աղետից ամենաշատը տուժած գետափնյա չորս շենքերից մեկում է Մնացականյանների բնակարանը։ Պետության կողմից տրվող փոխհատուցման առաջին փուլի գումարով (շուրջ1մլն 200 հազար դրամ) պատուհանները փոխել եւ սկսել են տան ներքին հարդարման աշխատանքները։ Բայց տասը օրից ավելի է՝ գործն առաջ չի գնում․ Մնացականյանները սպասում են փոխհատուցման երկրորդ փուլին, իսկ տունը նորոգող վարպետները, որպեսզի պարապ չմնան, այլ գործի են անցել մեկ ուրիշի տանը։
«Էս փուլայինը ահագին հետ ա գցում գործը, մինչեւ գարուն-ամառ կձգվի։ Երկրորդ փուլի փոխհատուցման ժամկետը երկու շաբաթ առաջ էր, բայց դեռ չի նստել գումարը։ Անորոշ սպասում ենք։ Արդեն տասնհինգ օր ա՝ շինանյութ չկա, որ վարպետներն աշխատեն։ Մեր գործը կիսատ թողել են, գնացել»,- պատմում է Սանահին կայարանի 44-րդ շենքի բնակիչ Հասմիկ Մնացականյանը։
Ջրհեղեղից տուժած առաջին գոտու (Ալավերդի եւ Այրում) բնակարանների վերանորոգման համար Կառավարության սահմանած գումարը (մեկ քառակուսի մետրի համար՝ 60 հազար դրամ) ընտանիքները ստանալու են չորս փուլով. 40%-ը՝ կանխիկ, մնացած 60%-ը՝ անկանխիկ։ Տուժածներին անկանխիկ է տրամադրվում նաեւ կորցրած կենցաղային գույքի փոխհատուցման գումարը՝ 1մլն 200 հազար դրամ։
Մնացականյանները գույքը խանութին պահ են տվել։ Այսինքն՝գնացել, ընտրել են, գումարը փոխանցվել է, բայց տուն կտեղափոխեն, երբ վերանորոգումը կավարտեն։
Հասմիկ Մնացականյանի խոսքով՝ մասնավոր կառույցների եւ ընկերությունների կողմից նույնպես, որպես տուժածի, աջակցություն ստացել են կենցաղային տարբեր իրեր՝ ջրատաքացուցիչ, լվացքի մեքենա, զանազան այլ պարագաներ։ Դրանք հիմա օգտագործում են վարձով բնակարանում։
Հասմիկն ասում է՝ չեն ուզում տպավորություն ստեղծվի, թե դժգոհում են, բայց տան վարձը, որը կրկին պետությունն է տալիս, գրեթե ամեն ամիս ուշացումով են փոխանցում։
«Վարձակալը Ռուսաստանից զանգում ա, չի հավատում, որ չեն նստեցրել քարտին։ Մենք էլ չունենք, որ փոխանցենք, տանը միայն ամուսինս է աշխատում։ Ամեն ամիս ուշացնում են, կոնկրետ օր չկա»,- նշում է Հասմիկը։
Ի դեպ, այս ընտանիքը միակը չէ, որ բարձրաձայնում է փոխհատուցման ուշացումների մասին։ Աղետից տուժած այլ բնակիչներ նույնպես, որ Սանահինում եւ քաղաքի մյուս թաղամասերում ժամանակավոր վարձով են ապրում, պատմում են՝ փոխանցման ուշացումների պատճառով ամեն ամիս տանտերերի հետ խնդիրներ են ունենում։ Բայց շատերն են խուսափում լրագրողներից, ձայնագրվելուց, չեն ուզում ներկայանալ՝ ասելով, թե ստացածից էլ գոհ են, կարող էր դա էլ չլինել։
Կառավարության կողմից միայն Ալավերդի համայնքում 138 ընտանիք ճանաչվել է բնակարանի կամ առանձնատան վնաս կամ կորուստ ունեցող։ Նրանցից 23-ը բնակարանի գնման վկայագրի շահառու է։ Մնացած 115-ից 74-ն արդեն ստացել է փոխհատուցման առաջին փուլով նախատեսված գումարը։ Մյուսների փաստաթղթերում անճշտություններ կան։
Միայն 63 շահառուի փաստաթղթերն են հենց սկզբից նորմալ եղել։ Մոտ տասը անձ ունի փաստաթղթային խնդիրներ, որոնց լուծումը ոչ մի իրավական ճանապարհով չենք կարողանում գտնել, որովհետեւ փաստաթղթային հիմքեր չունեն, անհատական մոտեցում է պետք. վերադասին զեկուցել ենք, նրանց վերաբերյալայլ որոշումներ կլինեն։ Մարդիկ էլ կան, որ ունեն լիազորագրերին առնչվող, ժառանգության ճանաչման խնդիրներ։ Չորս գործ ունենք, որ դատական պրոցեսով է անցնելու։ Եվս տասը ընտանիքի փաստաթղթեր պատրաստ են, դրանք անցնում են համապատասխան գերատեսչություններով, տվյալների նույնականացում է կատարվում, մյուս շաբաթվա մեջ շուրջ 10 ընտանիք էլ գումար կստանա»,- «Ալիք Մեդիա»-ին հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը։
Իսկ փոխհատուցումը փուլային, կանխիկ եւ անկանխիկ ձեւաչափերով իրականացնելու նպատակը, ըստ պաշտոնյայի, պետության տրամադրած միջոցները ճիշտ ծախսելն է։
Լոռու մարզպետարանի եւ Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շահառուներին, հետեւում բնակարանների վերանորոգման աշխատանքների ընթացքին։ Նրանց իրականացրած մշտադիտարկման արդյունքով է հաստատվում հաջորդ փուլի գումարը։
«Սկզբում մտածում էինք հիմք ընդունել բանկերի տված տեղեկությունը, այսինքն՝ բանկը ցուցակ է տալիս. եթե տվյալ մարդու հաշիվը 0 է, գնում ենք՝ նայենք բնակարանը, անցնենք հաջորդ փուլին։ Բայց բանկը շաբաթվա կտրվածքով է տալիս հաշվետվություն, այսինքն՝ ժամանակավրեպ դառնալու խնդիր կարող է լինել։ Հետո ոմանց հաշիվների վրա երեւում է նաեւ գույքի գումարը, որը դեռ չեն ծախսել, քանի դեռ բնակարանը նորոգման փուլում է։ Ամենշաբաթյա ռեժիմով տներ այցելելով՝ տեսնում ես, թե ինչ են անում, ինչ խնդիրներ կան, ինչն է արված։ Նայում ենք փաստաթղթերը, արձանագրություն ենք կազմում, դնում ենք մշտադիտարկման խմբի ստորագրությունները։ Բայց քանի դեռ քաղաքացին իր հաշվին գումար ունի, մենք մշտադիտարկմամբ իրավունք չունենք ամրագրելու, որ առաջին փուլն ավարտված է»,- պարզաբանում է Հարություն Ձավարյանը։
Աղետից տուժած քաղաքացիներին տրվող փոխհատուցման գումարի 40% կանխիկը պետությունը նախատեսել է վերանորոգող վարպետներին վճարելու, իսկ 60% անկանխիկը՝ շինանյութ գնելու համար․ շահառուի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի հիման վրա բանկը գումարը միանգամից փոխանցում է խանութին։
Ըստ Ալավերդու համայնքապետարանի տեղեկատվության՝ փոխհատուցման երկրորդ փուլով 46 շահառու ընտանիքի գումարներն արդեն փոխանցվել են, մեկ-երկու օր անց նրանց հաշվին կլինի, կկարողանան ստանալ եւ աշխատանքը շարունակել։
Իսկ բնակարանի գնման վկայագրի շահառու ճանաչված 23 ընտանիք դեռ սպասում է. ոմանք՝ վկայագիր ստանալուն, մյուսները՝ իրենց շենքի ճակատագրի հանգուցալուծմանը։ Այն շենքի, որը քանդելու եւ 16 ընտանիքներին բնակարանի գնման վկայագիր տրամադրելու որոշում Կառավարությունը դեռ ամռանն էր կայացրել։
Խոսքը Երկաթուղայինների թաղամասի 12-րդ շենքի մասին է։ Հարյուր տարի առաջ կառուցված շինությունը նախկինում երկաթուղայինների հանրակացարան է եղել։ 1988-ի երկրաշարժից հետո շենքի արտաքին պատերից մեկը ճաքել է։ Այն ճանաչվել է վթարային՝ 3-րդ աստիճանի վնասվածության, բայց մարդիկ շարունակել են այստեղ ապրել։ Ավելին՝ կառուցապատման տարբեր աշխատանքներ են արել, հիմնանորոգել իրենց բնակարանները։
Մայիսյան ջրհեղեղից ամբողջովին տուժել են այս շենքի 16 բնակարաններից վեցը՝ առաջին հարկում գտնվողները։ Բայց քանի որ շենքը ենթակա է քանդման, բնակարանի գնման վկայագրի շահառուների ցանկում ընդգրկվել են նաեւ մյուս տասը ընտանիքները։ Նրանք դեմ են գործադիրի՝ շենքը քանդելու որոշմանը, որովհետեւ համոզված են՝ բնակարանի կադաստրային արժեքին համարժեք տրվող փոխհատուցման գումարով (Կառավարության հուլիսի 4-ի նիստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել էր, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվելու է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա) Ալավերդու որեւէ անկյունում նորմալ պայմաններով բնակարան չեն գտնի։
«Քանդվող շենքի 16 ընտանիքից 7-ը համաձայնություն է տվել սեփականությունից հրաժարվելու եւ շենքը քանդելու, նաեւ ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Փոխհատուցման գումարի վերաբերյալ տարաձայնություններ կային, ու քանի որ սեպտեմբերի 30-ին դիմումների ընդունման ժամկետը լրանում էր, մենք նրանց առաջարկել ենք դիմումի «Լրացուցիչ նշումներ» բաժնում նշել իրենց պատկերացրած քառակուսի մետրի արժեքը։ Տարբեր արժեքներ են նշել, որոնց հիման վրա միջինացված թիվ կհանվի։ Իսկ ինը ընտանիք ընդհանրապես հրաժարվել են դիմում գրելուց»,- հայտնում են համայնքապետարանից։
Հ․Գ․ Հոդվածը հրապարակելուց առաջ «Ալիք Մեդիա»-ն կապ հաստատեց Սանահին կայարանի բնակիչ Հասմիկ Մնացականյանի հետ եւ պարզեց, որ փոխհատուցման երկրորդ փուլի գումարը երկու օր առաջ փոխանցվել է։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։