Հայաստանում անպտղության ցուցանիշը 16,8 % է, որը բարձր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանային ցուցանիշից։
ԱՀԿ-ն անպտղությունը սահմանում է որպես տղամարդու կամ կնոջ վերարտադրողական համակարգի հիվանդություն, որը բնութագրվում է 12 ամիս եւ ավելի կանոնավոր սեռական հարաբերությունից հետո հղիության ձախողմամբ:
2022 թվականին անցկացված հետազոտությունների համաձայն՝ աշխարհում 48 միլիոն զույգ եւ 186 միլիոն անհատ ունի անպտղություն։
Ըստ «Հերացի» վերլուծական կենտրոնի տրամադրած տվյալների՝ կանանց եւ տղամարդկանց շրջանում անպտղություն կարող է առաջանալ մի շարք տարաբնույթ գործոններով պայմանավորված։ Մասնավորապես, կանանց շրջանում տարածված պատճառներից են. արգանդի փողերի հիվանդությունները (օրինակ՝ առաջացած վտանգավոր աբորտների հետեւանքով), արգանդի հիվանդությունները, այդ թվում` բորբոքային (օրինակ՝ էնդոմետրիոզ), ձվարանների հիվանդությունները (օրինակ՝ պոլիկիստոզային համախտանիշ), ներզատական համակարգի խանգարումները, որոնք առաջացնում են վերարտադրողական հորմոնների դիսբալանս եւ այլն:
Տղամարդկանց վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են պայմանավորված լինել վերարտադրողական օրգանների օբստրուկցիաներով, հորմոնալ խանգարումներով, սերմնահեղուկի արտադրության խնդիրներով։
Վերարտադրողական առողջության վրա կարող են բացասաբար ազդել նաեւ բնակլիմայական եւ կենսակերպի գործոնները, օրինակ՝ ծխելը, ալկոհոլի չարաշահումը եւ ավելցուկային քաշը։
Հայաստանում անպտղության խնդրի հետազոտություններ կատարվել են 1989-1990, 1997-1998 եւ 2009 թվականներին: Վերջին հետազոտության արդյունքները վերանայվել եւ հրապարակվել են 2014 թվականին: Համաձայն վերոնշյալ հետազոտության տվյալների՝ անպտղությունը կանանց շրջանում եղել է 16,8 %, որից առաջնայինը՝ 5,4 %, երկրորդայինը` 11,4 %, իսկ տղամարդկանց շրջանում 5,1 %-ը անամնեզում նշել է ամլություն, որոնցից առաջնային՝ 2.3 %, երկրորդային՝ 2,8 %:
Մեր երկրում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ 2020-2021 թվականներին հետազոտություն է անցկացվել։ Պարզվել է՝ վերարտադրողական տարիքի զույգերի շրջանում անպտղության տարածվածությունը 16,8% է, այդ թվում առաջնային՝ 1,7%, իսկ երկրորդային՝ 15,1%: Կին հարցվածների շրջանում անպտղությունը եղել է 14,3%, որից առաջնային՝ 1,3% է, իսկ երկրորդային՝ 13%:
Անպտղությունը ժողովրդագրության վրա ազդող լուրջ գործոն է եւ սոցիալ-բժշկական խնդրից վերածվում է համապետական, անգամ ազգային անվտանգության հիմնախնդրի։
Անպտղության հաղթահարման նպատակով մեր երկրում 2019 թվականի օգոստոսի 8-ից մեկնարկել է «Անպտղության հաղթահարման» ծրագիրը։ 2019-ին ծրագրից օգտվել է 385, 2020-ին՝ 524, 2021-ին՝ 917, 2022-ի հունվար-նոյեմբերին՝ 810 շահառու։ Անպտղության հաղթահարման ծրագրին 2020 թվականին հատկացվել էր 300 մլն, 2022-ին՝ 917 մլն դրամ։
«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի շահառուներին ներկայացվող հիմնական եւ լրացուցիչ պահանջները, բժշկական օգնության եւ սպասարկման ծավալները սահմանվում են ՀՀ Կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 568 որոշմամբ։
2024 թվականի հուլիսին Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար եւ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեցող շահառուների շրջանակը։
Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ փոփոխությունը պայմանավորված է եղել անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման եւ շահառուների նոր խմբեր ներառելու անհրաժեշտությամբ:
Ծրագրի ընդլայնման շնորհիվ ծառայություններից կարող են օգտվել․
ՀՀ քաղաքացի կամ Արցախից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված` երկու տարի եւ ավելի անպտղության ախտորոշում ունեցող անզավակ կանայք, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, նախկին կարգավորմամբ սահմանված տարիքային վերին շեմ 36-ի փոխարեն սահմանվել է մինչեւ 40 տարեկանը ներառյալ:
Մեկ երեխա ունեցող, երկրորդային անպտղության ախտորոշում ունեցող` նախկին կարգավորմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների փոխարեն ներարգանդային սերմնավորման փորձերի եւ արտամարմնային բեղմնավորման 1 փորձի հնարավորություն է տրամադրվում ՀՀ քաղաքացի համարվող կամ Արցախից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված բոլոր զույգերին, որոնցից կինը պատկանում է 20-36 (ներառյալ) տարիքային խմբին:
Արցախից բռնի տեղահանված, ժամանակավոր պաշտպանության տակ վերցված, փախստական ճանաչված 28-42 (ներառյալ) տարեկան անզավակ կանայք:
Կանոնակարգվել է նաեւ նախկինում շահառու չհամարվող, սակայն ծրագրի ընդլայնման շնորհիվ շահառու դարձած անձանց` ծառայությունների քանակից օգտվելու իրավունքը, նաեւ պետական պատվերի շրջանակում սառեցման ենթակա սաղմերի քանակը եւ պահպանման ժամկետը:
ՀՀ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը «Ալիք Մեդիա»-ի հեր զրույցում նշեց՝ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում 2021, 2022, 2023 թվականների եւ 2024 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում բժշկական օգնության եւ սպասարկման տարբեր փուլերում է գտնվել համապատասխանաբար 917, 842, 5441, 4917 շահառու կին:
Անպտղության հաղթահարման ծրագրի շնորհիվ 2021, 2022, 2023 թվականների եւ 2024 թվականի հունվար-օգոստոսի ընթացքում ծնվել է համապատասխանաբար 76, 128, 159, 392 երեխա:
Փորձեցինք պարզել՝ մեր երկրում հիմնականում որ հիվանդություններն են տարածված, որոնց հետեւանքով անպտղություն է առաջանում։ Նունե Փաշայանը տեղեկացրեց, որ Հայաստանում անպտղության պատճառագիտության կառուցվածքի վերաբերյալ տեղեկություններ չեն հավաքվում:
«Անպտղության հաղթահարման ծրագրին մասնակցած շահառուների կազմում զոհված զինծառայողների մայրերի դիմելիության դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չեն հավաքվում: Զոհված զինծառայողների ընտանիքներում մինչեւ 2024 թվականի հոկտեմբերը ծնվել է 77 երեխա»,- հավելեց Նունե Փաշայանը։
Արցախյան 44-օրյա պատրազմում զոհված Տարոն Գիվարգիզյանի մայրը՝ Լաուրա Սարգսյանը, օգտվել է անպտղության հանթահարման այս ծրագրից եւ լույս աշխարհ բերել Լուսէին։ Տարոն Գիվարգիզյանը 44-օրյա պատերազմի օրերին կամավոր մեկնել էր Արցախ, մարտեր մղել Հադրութում, Վարանդայում, հետո՝ Մարտունիում։ Զոհվել է հոկտեմբերի 29-ին անօդաչու թռչող սարքի հարվածից։
Տարոնի քույրը՝ Լուսէն, երկու ամիս անց երկու տարեկան կդառնա։ Տիկին Լաուրան պատմեց՝ ամեն անգամ Լուսէի մասին խոսելիս չի մոռանում շնորհակալություն հայտնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժաշխատողներին, որոնք հոգատարությամբ բուժման պլան են մշակել, ջերմ եւ ուշադիր եղել հղիության ընթացքում։
Լաուրա Սարգսյանն ասում է՝ Լուսէն հերոս եղբորը շատ նման է ոչ միայն արտաքնապես, այլեւ բնավորությամբ։
«Տարոնը կուզենար ինձ միշտ ուժեղ տեսնել, իսկ Լուսէն մեզ ապրեցնում է, նա նոր շնչով է լցրել մեր կյանքը»,- ասաց Լաուրա Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ անպտղության հաղթահարման ծրագրից ավելի շատ մայրեր կօգտվեն ու զավակներ լույս աշխարհ կբերեն, որոնք Լուսէի պես կարող են կյանքի գույները փոխել։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։