Երեւանում անցկացվել է կայուն նորաձեւության միջազգային միջոցառում։ Շուրջ երկու տարի տեւած համատեղ աշխատանքի շնորհիվ հինգ կազմակերպություններ Հայաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Սլովակիայից եւ Սերբիայից ստեղծել են կայուն նորաձեւությանն ուղղված կրթական նյութեր եւ ընտրել Հայաստանը` արդյունքներն ամփոփելու համար։ Ավելի քան 35 մասնակիցներ՝ ներառյալ թեմայի փորձագետներ, ուսուցիչներ, երիտասարդների հետ աշխատողներ, հագուստի դիզայներներ եւ կայուն նորաձեւությամբ ու կրթությամբ հետաքրքրված երիտասարդներ ծանոթացել են արդյունքներին։
Միջոցառման ընթացքում ծրագրի թիմը ներակայացրել է կրթական առցանց հարթակ, որտեղ գրանցվելով յուրաքանչյուր օգտատեր կարող է անվճար մուտք գործել կրթական ինտերակտիվ մոդուլների էջեր՝ ուղղված կայուն նորաձեւությանն ու շրջանաձեւ տնտեսությանը։
Կայուն նորաձեւության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման եւ կայուն սպառման մշակույթի ձեւավորման նպատակով ստեղծվել են նաեւ սեղանի խաղեր, գլուխկոտրուկներ, ինչպես նաեւ կոմիքսների գիրք։
Հայաստանի գործընկեր, «ՅունիԳրոուֆ զարգացման կենտրոն» կազմակերպության նախագահ Թամարա Այդինյանը նշում է՝ նպատակ ունեն հնարավորինս տարածելու ստեղծված նյութերը՝ հատկապես մարզերում․ «Ցանկացած ոք կարող է ներբեռնել նյութերը կրթական հարթակից, իսկ կազմակերպությունը պատրաստակամ է անհրաժեշտության դեպքում օժանդակելու հավելյալ տեղեկատվությամբ»։
Կայուն նորաձեւության ջատագովները խրախուսում են որակյալ, երկարատեւ պահպանվող հագուստի ձեռքբերումը, վերամշակման անհրաժեշտությունը՝ հնարավորինս քիչ վնաս հասցնելու բնությանը։