Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Hurriyet թերթին տված հարցազրույցի ընթացքում քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար:
«Ցավոք, Անկարան շարունակում է համագործակցությունը կիեւյան ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Թուրքական զենքն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորների եւ խաղաղ բնակիչների սպանության համար: Հաշվի առնելով միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները՝ դա չի կարող տարակուսանք չառաջացնել»,- ասել է Լավրովը:
Նախարարը նշել է, որ Ռուսաստանը «բարձր է գնահատում Թուրքիայի ջանքերը ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»: Լավրովը շեշտել է, որ 2022 թվականի գարնանը Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, բացի այդ՝ թուրքական կողմը աջակցել է Ուկրաինայից հացահատիկի արտահանման համաձայնագրի կնքմանը:
ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ այնպիսի իրավիճակում, երբ Արեւմուտքը աջակցում է Կիեւին, իսկ Ուկրաինայում դեռ գործում է Մոսկվայի հետ բանակցությունների արգելքի մասին հրամանագիրը, «ցանկացած երկրի, այդ թվում՝ Թուրքիայի միջնորդական ջանքերը հազիվ թե հաջողություն ունենան»:
Ռուսական զորքերի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ուկրաինացի զինվորականները ակտիվորեն օգտագործում են թուրքական Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքերը։ 2023 թվականի ամռանն էլ Ուկրաինայում սկսվել է Bayraktar ԱԹՍ-ների գործարանի կառուցումը, որը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել ռազմական գործողությունների ավարտից հետո։
Foreign Policy ամսագիրը 2023 թվականի հունվարին հայտնել էր, որ Թուրքիան սկսել է կասետային զինամթերք մատակարարել Ուկրաինային 2022 թվականի վերջից։ Կրեմլում կասկածում էին, որ այդ տեղեկությունը հավաստի է։ Ուկրաինայի իշխանությունները հերքել են այս տեղեկությունը, Թուրքիան չի մեկնաբանել դա։