ԱՄՆ-ը սպասում է, որ Կուրսկի մարզում գտնվող հյուսիսկորեական զորքերը շուտով կմասնակցեն Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Չինաստանին կոչ անելով օգտագործել Հյուսիսային Կորեայի վրա իր ազդեցությունը Փհենյանին զսպելու համար, հաղորդում է «The Voice of America»-ն:
ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարների եւ արտաքին գործերի նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած բանակցություններից հետո՝ համատեղ ասուլիսում, պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանը հյուսիսկորեացի զինվորներին վարժեցնում է հրետանային աշխատանքին, անօդաչու թռչող սարքերի կիրառմանը եւ ցամաքային գործողությունների հիմնական մարտավարական մեթոդներին, ինչը ցույց է տալիս այդ ուժերը ռազմաճակատում օգտագործելու նրանց «ամբողջական նպատակադրվածությունը»:
Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է, որ Ռուսաստանում այժմ կա 10 հազար հյուսիսկորեացի զինվորական, որոնցից շուրջ 8 հազարն արդեն Կուրսկի մարզում են, որտեղ ուկրաինական զորքերը ամրապնդում են օգոստոսից իրենց զբաղեցրած դիրքերը:
Բլինքենը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի պաշտպանական ու արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ստեղծված իրավիճակին արձագանքելու մի քանի տարբերակ՝ նշելով, որ Հյուսիսային Կորեայի զինվորներին Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելը Մոսկվայի համար «թուլության ակնհայտ նշան է»:
Նշենք նաեւ, որ նույն օրը Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալությունը հայտնեց, որ Փհենյանը հաջողությամբ արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որն առաջին անգամ թռել է 86 րոպե: Այս մասին տեղեկացրել էին նաեւ Հարավային Կորեան եւ Ճապոնիան: