Ըստ իրանական Mehr գործակալության՝ Իրանի Առեւտրի խթանման կազմակերպության ղեկավարը հայտարարել է Հյուսիս-հարավ միջանցքի երկաթուղային ենթակառուցվածքների կառուցման մեջ ներդրումներ կատարելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Ընդ որում, դրա մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ Ադրբեջանը:
Հյուսիս-հարավ միջանցքի դիրքը Իրանի Իսլամական Հանրապետության աշխարհագրական ամենակարեւոր առավելություններից մեկն է: Այդ միջանցքը Ռուսաստանը, Կովկասի տարածաշրջանը եւ Կենտրոնական Ասիան կապում է Հարավային եւ Հարավարեւելյան Ասիայի, հատկապես Ռուսաստանի հետ մեծ ֆինանսական կապեր ունեցող Հնդկաստանի հետ:
Միջանցքը քարոզարշավի բանավեճերում
Տարանցիկ հզորությունների՝ որպես երկրի եկամտի կարեւոր աղբյուրներից մեկի զարգացման կարեւորությունը պահանջում է, որ նախագահի բոլոր թեկնածուները մարդկանց բացատրեն իրենց քաղաքականությունն ու ծրագրերը այս հարցի շուրջ:
Առաջին բանավեճի ընթացքում նախագահի թեկնածուներից միայն մեկն է բարձրացրել երկաթուղային ենթակառուցվածքը՝ որպես երկրի տնտեսական զարգացման շարժիչ ուժերից մեկը, ավարտելու հարցը եւ հայտարարել, որ եթե երկիրը ներդրումներ կատարի Հյուսիս-հարավ միջանցքում, եւ այն շահագործման հանձնվի, Իրանը տարեկան 30 միլիարդ դոլարի եկամուտ կապահովի:
Իրանի շահը
Ըստ տարանցիկ ճանապարհների հարցերով փորձագետների՝ եթե Իրանն ավարտի երկաթուղային եւ տրանսպորտային իր ենթակառուցվածքների կառուցումը, երկիրը կարող է տարեկան 1,1 միլիարդ դոլարի եկամուտ ստանալ Հյուսիս-հարավ միջանցքով ապրանքների տարանցումից, նույնիսկ եթե այդ առեւտրի ծավալի միայն 10 տոկոսն անցնի Իրանի տարածքով:
Դիցուք, Հնդկաստանի ԱԳՆ-ի հրապարակած վիճակագրության համաձայն, Հնդկաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքափոխանակության ծավալը միայն 2018-ին գնահատվել է 11 միլիարդ դոլար:
Իրանի տրանսպորտային տնտեսության փորձագետ Մոհամմադ Ջավադ Շահջոուին խոսել է Հյուսիս-հարավ միջանցքում Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքների տարանցման մեջ Իրանի մասնաբաժնից:
«Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ 11 միլիարդ դոլարի ապրանքափոխանակություն կա: Եթե այդ առեւտրի 10 տոկոսն իրականացվի Իրանի տարածքով, ապա միայն Հյուսիս-հարավ միջանցքով մինչեւ 1,1 միլիարդ դոլարի առեւտրաշրջանառություն կկազմակերպվի: Կարեւորն այն է, որ թեեւ դժվար է հաշվարկել Ռուսաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքների տարանցման արդյունքում Իրանի եկամտի ճշգրիտ թիվը, սակայն հնարավոր է ճշգրտորեն հաշվարկել Իրանի երկաթուղային միջանցքով անցնող բեռների քանակը: ԻԻՀ-ն կարող է 200-400 դոլար վաստակել իր երկաթուղային ցանցով անցնող յուրաքանչյուր տոննայի դիմաց»,- նշել է իրանցի պաշտոնյան:
100 միլիարդ դոլարի ռեկորդը չի կրկնվել
Mehr գործակալությանը տված հարցազրույցում երկաթուղային տրանսպորտի տնտեսության փորձագետ Ալի Զիայը նշել է, որ Իրանի՝ երկրի տարածքով երկաթուղային բեռնափոխադրումներից ստացվող եկամուտը մեկ տոննայի համար 75-100 դոլար է: Նա նշել է, որ Հյուսիս-հարավ միջանցքի երկաթուղային եւ տրանսպորտային ենթակառուցվածքներով Իրանը տարեկան 30 միլիարդ դոլարի եկամուտ կարող է ստանալ:
Իրանի դեմ նավթային պատժամիջոցների սահմանումից հետո երկրի՝ նավթի վաճառքից ստացված եկամուտները միայն անցյալ տարի (մինչեւ 2021-ի մարտի 20-ը) կազմել են մոտ 10 միլիարդ դոլար:
2000-ականներին՝ Իրանի 9-րդ եւ 10-րդ կառավարությունների օրոք, երկիրը կարողացել է հասնել նավթի ռեկորդային՝ 100 միլիարդ դոլարի վաճառքի, սակայն այդ ռեկորդը չի կրկնվել: