Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրում Իսրայելի կառավարության վրա՝ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի լուծմանն ուղղված ԱՄՆ պահանջները բավարարելու համար։ Այս մասին հայտնում է Axios հարթակը՝ հղում կատարելով ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաներին։
Նրանց տեղեկություններով՝ վերջին օրերին Պետդեպարտամենտի ներկայացուցիչները «դժվար» հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել իսրայելցի գործընկերների հետ։ ԱՄՆ պաշտոնյաները Իսրայելից պահանջել են քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում մարդասիրական ծանր դրությունը կարգավորելու համար։
Հարթակը նշում է, որ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները բողոքել են Իսրայելի օդուժի ավիահարվածից, որոնց հետեւանքով վերջերս ավերվել էր Գազայի հյուսիսում գտնվող բնակելի շենքը, եւ զոհվել էին տասնյակ պաղեստինցիներ, որոնց թվում եղել են նաեւ երեխաներ։ Բացի այդ՝ ամերիկացի պաշտոնյաները նաեւ մտահոգություն են հայտնել Ջաբալիա փախստականների ճամբար հասնող օգնության բացակայության եւ Իսրայելի խորհրդարանի ընդունած նոր օրենքի առնչությամբ, որը երկրի տարածքում արգելում է ՄԱԿ—ի Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալություն գործունեությունը։
Ավելի վաղ Պետքարտուղարության մամուլի խոսնակ ղեկավար Մեթյու Միլլերը հաստատել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նամակ են ուղարկել Իսրայելի իրենց գործընկերներին՝ պահանջելով «30 օրվա ընթացքում կոնկրետ միջոցներ ձեռնարկել» Գազայում ստեղծված հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։ Նամակում, որի տեքստը ներկայացրել էր Axios-ը, նշվում է, որ ԱՄՆ—ի պահանջները չկատարելը կարող է հետեւանքների հանգեցնել Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու հարցում։
Հարթակի տվյալներով՝ ամերիկացի եւ իսրայելցի պաշտոնյաները հայտնել են, որ Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերին հանձնարարվել է պատասխան պատրաստել Բլինքենի եւ Օսթինի նամակին։ Սակայն նրանք կարծում են, որ այն վերջնական տեսքի չի բերվել եւ կարող է Վաշինգտոն ուղարկվել միայն ԱՄՆ ընտրություններից հետո։
Եվ եթե հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթի, նամակի պահանջներին իսրայելական պատասխանը, ամենայն հավանականությամբ, կլինի ոչ, Axios-ին ասել է ամերիկացի պաշտոնյան: