ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Արիզոնա նահանգի Գլենդել քաղաքի մարզադաշտում հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնին հարցազրույց է տվել, որի ընթացքում «հիվանդ» է անվանել բոլոր նրանց, ովքեր իրեն Ռուսաստանի բարեկամ են համարում։
«Նրանք [դեմոկրատները] սիրում են ասել, որ ես Ռուսաստանի բարեկամն եմ, աշխատել եմ Ռուսաստանի համար, որ ես ռուս լրտես եմ։ Այս մարդիկ հիվանդ են»,- ասել է Թրամփը։
Նա հավելեց, որ Ռուսաստանի ամենամեծ ձեռքբերումը «Հյուսիսային հոսք 2» գազատարն է, որն անցնում է Ռուսաստանից Գերմանիա Եվրոպայով։ «Ես ոչնչացրել եմ այն։ Ոչ ոք դա չի արել, բայց ես դա արել եմ: Ես կանգնեցրի այն»,- ասել է հանրապետական թեկնածուն։
Իր նախագահության ընթացքում Թրամփը բազմիցս քննադատել է Գերմանիային «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցման համար՝ միաժամանակ դեմ լինելով Մոսկվայի հետ նախկին հարաբերությունների վերականգնմանը։ Մասնավորապես, նա սպառնացել է պատժամիջոցներ կիրառել շինարարությամբ զբաղվող գերմանական ընկերությունների դեմ։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս է խոսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին։ Նա պնդել է, որ սպառնացել է վերջինիս հարվածել Մոսկվային, եթե Ուկրաինայի վրա հարձակվելու որոշում կայացվի, ինչպես նաեւ բազմիցս պնդել, որ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմ չէր լինի։ Թրամփը անգամ հայտարարել է, որ երբ ընտրվի նախագահի պաշտոնում, կավարտի ռուս—ուկրաինական պատերազմը նույնիսկ մինչեւ պաշտոնը ստանձնելը։