ՄԱԿ—ը պետք է մտածի Իսրայելի՝ կազմակերպությանը անդամակցության կասեցման մասին միջազգային իրավունքի բազմաթիվ խախտումների պատճառով։ Այս մասին Նյու Յորքում կայացած ճեպազրույցում հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի գծով ՄԱԿ—ի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն։
«Եկել է ժամանակը դիտարկելու Իսրայելի՝ որպես [ՄԱԿ—ի] անդամ պետության լիազորությունները կասեցնելու հարցը»,- զեկուցողի խոսքերը մեջբերում է ՄԱԿ-ի կայքէջը։ Ալբանեզի խոսքերով՝ միջազգային հանրությունը Գազայում կատարվողը պետք է ճանաչի որպես ցեղասպանություն եւ «հասկանա առավել լայն մտադրվածությունը այն ամենի վերաբերյալ, ինչ այժմ կատարվում է Պաղեստինում»:
Նա նշել է, որ Գազայի հատվածում բնակիչների հետ կատարվողը դուրս է ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների սահմաններից։
Հատուկ զեկուցողը ՄԱԿ—ում Իսրայելի մասնակցության կասեցումն անվանել է «նուրբ հարց»՝ բացատրելով, որ աշխարհի բոլոր երկրները, իր կարծիքով, դժվարություններ ունեն մարդու իրավունքները հարգելու հարցում, սակայն ոչ մի «այլ երկիր չի շարունակում իր անօրինական օկուպացիան՝ խախտելով ՄԱԿ—ի տասնամյակների բանաձեւերը, ինչպես դա անում է Իսրայելը»։
Հաղորդվում է նաեւ, որ առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ—ի հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոկենգը ճեպազրույցի ժամանակ Իսրայելին եւ նրա դաշնակիցներին մեղադրել է Գազայի բնակչությանը «գիտակցաբար եւ միտումնավոր սով ու ջրազրկում պարտադրելու համար», ինչը կարող է հանգեցնել մի ամբողջ սերնդի մահվան։ Նա նշել է, որ Գազան այժմ «փլատակների եւ մարդկային մնացորդների ամայի վայր է», որտեղ պաղեստինցիները պայքարում են գոյատեւելու համար: Մոֆոկենգը հավելել է, որ Իսրայելի ղեկավարությունը կատարել է նախորդ տարվա խոստումը եւ ոչնչացրել է Գազան։
Հոկտեմբերի 31-ին Գազայում գործող առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հատվածում 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ավելի քան 43. 200 պաղեստինցի է մահացել։