Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասներորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ: Այս մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում, վերոնշյալ Հանձնաժողովների համատեղ գործունեության մասին 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված Կանոնակարգի 7-րդ հոդվածի համաձայն, Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով:
Հաշվի առնելով, որ Կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ այն ուժի մեջ է մտնում այդպիսի ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը՝ Կողմերը արձանագրել են, որ նշված Կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ին:
Կողմերը մտքեր են փոխանակել սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ:
Գրիգորյանն ու Մուստաֆաեւը քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ համապատասխան ուղեցույցների նախագծերը եւ պայմանավորվել աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հանձնաժողովների հանդիպման ավարտից հետո Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը առանձին քննարկել են տրանսպորտային հաղորդակցություններին վերաբերող հարցեր: