Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ Իրանի տարածքի վրա հարձակման համար, ասել է Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարանի) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։ Նրա խոսքով՝ պատասխան հարվածի ժամանակահատվածը կորոշեն երկրի զինված ուժերը։
«Որոշ պետական պաշտոնյաներ եւ այլ անձինք կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին։ Բայց նրանք կառավարության մեջ եւ դրանից դուրս որոշումներ կայացնողներից չեն, քանի որ սիոնիստական ռեժիմին ռազմական պատասխան տալու մասին որոշումն արդեն կայացրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը»,- ասել է Քոսարին իրանական Didban Iran հարթակին տված հարցազրույցի ժամանակ։
The Washington Post պարբերականն էլ, հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում է, որ Իսրայելը պատրաստվում է առաջիկա օրերին սպասվող իրանական հարձակման հետմղմանը։
Պարբերականը նշում է, որ Իրանի հարվածների սպասման ֆոնին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նոյեմբերի 1-ին հրամայել է լրացուցիչ ուժեր տեղակայել Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ ռմբակոծիչներ, կործանիչներ եւ ավիակիրներ՝ Իսրայելը եւ տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաները պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։
Հոկտեմբերի 1-ին էլ Իրանն էր զանգվածային հրթիռային հարվածներ հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ եւ «Հեզբոլլահ» շարժումների, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար կազմի առանցքային անձանց սպանությունների։ Իսրայելի Գլխավոր շտաբը խոստացել էր պատասխան հարված հասցնել։ Իր հերթին Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ իր երկրի պատասխան հարվածները Իսրայելին այդ դեպքում կլինեն ավելի լայնամասշտաբ։