Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության եւ բռնության խոսքի կիրառման կապակցությամբ:
Freedom House-ի հայտարարության մեջ նշվում է, որ նման գործողությունները նպաստում են հասարակության բեւեռացմանն ու ատելության խոսքի տարածմանն այն պայմաններում, երբ երկիրը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո եւ պատրաստվում է պատմական խորհրդարանական ընտրությունների:
«Մենք բոլոր կուսակցություններին կոչ ենք անում զերծ մնալու նման հռետորաբանությունից եւ պահպանելու վարքի ժողովրդավարական նորմերը ընտրական շրջանի ընթացքում»,- ընդգծել է Freedom House-ը ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված հայտարարության մեջ:
Freedom House-ը հայտարարությանը կցել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունը, որում վերջինս դատապարտել էր քաղաքական գործիչների կողմից բռնության եւ ատելության խոսքի կիրառումը եւ կոչ էր արել զերծ մնալու նման հռետորաբանությունից: