ԱՄՆ նախկին նախագահ եւ նախագհի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա—ի հետ։
Պաշտոնական հաղորդման համաձայն` զրույցն ընթացել է «մտերմիկ մթնոլորտում», որի ընթացքում Թրամփը իր զորակցությունն է հայտնել Արցախյան հարցին եւ ամբողջ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատելու գործին (անգլերեն հաղորդագրության համաձայն` Թրամփը իր զորակցությունն է հայտնել արցախահայերին)։
Հանրապետական թեկնածուն նաեւ բարձր է գնակատել Արամ Ա—ի գործունեությունը՝ իր իմաստուն կառավարման համար, ինչպես նաեւ ողջունել ամերիկահայ համայնքին՝ ընդգծելով, որ այն կազմակերպված, աշխույժ եւ ուժեղ համայնք է։
Վեհափառ Հայրապետն էլ Թրամփին շնորհակալություն է հայտնել Արցախի հայերի իրավունքների հարցում ցուցաբերած հանրային աջակցության համար եւ ընդգծել ԱՄՆ—ի համաշխարհային առաջնորդության կարեւոր նշանակությունը ներկա ճգնաժամային իրավիճակում։
Արամ Ա Կաթողիկոսը ԱՄՆ նախագահի թեկնածուին նաեւ նշել է, որ ունի երկու ակնկալիք. ա) անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգների նոր կազմավորվող կառավարությունը ամբողջական զորակցություն հայտնի՝ իր պատմական հողերը վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքը վերահաստատելու Արցախի հայության արդար պահանջին՝ միաժամանակ հաշվետվություն պահանջելով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության համար, եւ բ) անհրաժեշտ է, որ նոր կառավարության մեջ լինի ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը նաեւ նշել է, որ նշյալ հարցերով անհրաժեշտ է խորհրդակցել ԱՄՆ—ում Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան ու Արեւմտյան ազգային առաջնորդարանների եւ Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի պատասխանատուների հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 24-ին Truth social սոցցանցի իր էջում գրել էր, որ գործող փոխնախագահ եւ իր մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը ոչինչ չեն արել, երբ «120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների են ենթարկվել եւ բռնի տեղահանվել Արցախից»:
Նույն գրառման մեջ Թրամփը նաեւ խոստանում էր նախագահ դառնալու դեպքում վերականգնել խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։
Ավելի վաղ՝ Հայաստանի Անկախության օրվա առիթով էլ Հարիսն էր ամերիկահայ համայնքին շնորհավորական ուղերձ հղել՝ դրանում շեշտելով, որ Արցախի հայերի վերադարձի իրավունքը կարեւոր է տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից։
Դեմոկրատ թեկնածուն նաեւ ընդգծել էր, որ հավատարիմ է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը: