2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանումն աճել է 2,1 անգամ, իսկ ներմուծումը` միայն 2,5 տոկոսով։
Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2024 թվականի հունվար-օգոստոսին եղել է 21 միլիարդ 709 միլիոն ԱՄՆ դոլար, որից արտահանումը՝ 9 միլիարդ 694.7 միլիոն դոլար, իսկ ներմուծումը՝ 12 միլիարդ 14.3 միլիոն դոլար։ Առեւտրի հաշվեկշիռը, ինչպես ՀՀ անկախության պատմության ամբողջ ընթացքում, դարձյալ բացասական է. մոտ 2 միլիարդ 320 միլիոն դոլարից ավելի ապրանք ենք ներմուծել, քան արտահանել։
Առաջին հայացքից թվում է, որ վերջին տարիներին արտաքին առեւտրաշրջանառությունն աճում է։ Սակայն սատանան թաքնված է մանրուքներում։ Մասնավորապես՝ հունվար-սեպտեմբերին արձանագրված արտահանման զգալի աճի մեջ հայկական ծագման ապրանքների արտահանումը չնչին աճ է արձանագրել՝ ընդամենը մոտ 1,5 տոկոսի։ Իսկ արտահանման աճի առյուծի բաժինը, ըստ ապրանքային խմբերի, բաժին է ընկնում հատկապես «թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր» ապրանքախմբին, որտեղ մոտ 7 անգամ աճել է ներմուծումը, նույնքան էլ՝ արտահանումը։
Ավելի պարզ ասած՝ ոսկերչական արտադրատեսակներ ենք ներկրել արտերկրից, այնուհետեւ դրանք վերարտահանել երրորդ երկրներ։ Իսկ երբ արտահանման ամբողջ ծավալից այս ապրանքախումբը հանում ես, պատկերը կտրուկ փոխվում է։
Այսպես՝ ավելացել է կենդանիների եւ կենդանական ծագման ապրանքների արտահանումը 23,8 տոկոսային կետով, բուսական ծագման արտադրանքի արտահանումը՝ 25,5 տոկոսային կետով, հանքահումքային արտադրանքի արտահանումը՝ 15,5 տոկոսային կետով, թուղթն ու թղթային իրերի արտահանումները՝ 21 տոկոսային կետով։ Մնացած ապրանքային խմբերի արտահանումները եթե անգամ աճ են գրանցել, ապա այդ աճը աննշան է, իսկ հիմնականում անկում են ապրել։ Իսկ որոշ խմբերի ապրանքների արտահանման ծավալները պարզապես գահավիժել են, ինչպես, օրինակ՝ ոչ թանկարժեք մետաղների եւ դրանցով պատրաստված իրերի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկում են ապրել մոտ 35 տոկոսային կետով, փայտի եւ փայտյա իրերի արտահանման ծավալները՝ մոտ 85 տոկոսային կետով, կենդանական եւ բուսական ծագման յուղերի ու ճարպերի արտահանման ծավալները՝ 40 տոկոսով, ինչպես նաեւ օդային եւ ջրային տրանսպորտի միջոցների արտահանման ծավալները՝ մոտ 81 տոկոսով։
Ո՞ր երկրներն են մեր հիմնական առեւտրային գործընկերները։ ԵՄ երկրների հետ մեր երկրի արտաքին առեւտրի ծավալները զգալիորեն անկում են ապրել՝ նվազելով մոտ 24 տոկոսային կետով։ ԵԱՏՄ երկրների եւ հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի ծավալները աճել են անգամներով. ԵԱՏՄ երկրների հետ մեր առեւտուրն աճել է 3,5 անգամ, որի առյուծի բաժինը հասնում է ՌԴ-ի հետ առեւտրին, եւ որն աճել է 3,6 անգամ։ Պաշտոնական վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2022-ին ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առեւտուրը 2,4 անգամ գերազանցել է Հայաստան-ԵՄ առեւտրի ծավալները, 2023 թվականին տարբերությունը դարձել է 3 անգամ, իսկ դեռ չավարտված 2024 թվականին՝ 6,8 անգամ։
Այստեղ վճռորոշ են մի շարք հանգամանքներ՝ սկսած ապրանքների եւ ծառայությունների որակին ներկայացվող ստանդարտներից ու պահանջներից, վերջացրած այն օբյեկտիվ իրականությամբ, որ ԵԱՏՄ անդամ երկրների շուկաները մեր գործարարների համար ավանդաբար ավելի ծանոթ ու հասկանալի են, լոգիստիկ ենթակառուցվածքները տարիներով հաստատվել, զարգացել են ու գործում են, հայկական ապրանքների ու ծառայությունների ճանաչելիության եւ առաջմղման հարցերը ԵԱՏՄ-ում ավելի բարենպաստ դիրքերում են, լեզվի եւ հաղորդակցության խոչընդոտներ, որպես այդպիսին, չկան եւ այլն, եւ այլն։
Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ այն, որ հայկական ապրանքները լինեին ճանաչելի եւ մրցունակ ամբողջ աշխարհում, որ մեր արտահանման աշխարհագրությունը լիներ անհամեմատ ավելի լայն, եւ մեր ապրանքները մեծ պահանջարկ վայելեին ամբողջ աշխարհում։ Բայց ցավալին այն է, որ անգամ ավանդական ուղղություններով արտահանում ենք ոչ թե սեփական արտադրության ապրանքներն ու ծառայությունները, այլ հանդես ենք գալիս որպես վերաարտահանող՝ միջնորդ, որի միջոցով շրջանցվում են այս կամ այն երկրների փոխադարձ սահմանափակումներն ու պատժամիջոցները միմյանց նկատմամբ։ Վատ չէ, երբ մեր գործարարները կարողանում են օպերատիվորեն արձագանքել եւ օգտվել ստեղծված հնարավորություններից։ Բայց մյուս կողմից՝ նման հնարավորությունները խիստ ժամանակավոր են, դրանց տնտեսական էֆեկտը՝ նույնպես։ «Ոսկեղեն» ներմուծում-արտահանում ժամանակահատվածն էլ է անցողիկ, ինչպես որ անցավ տրանսպորտային միջոցների վերաարտահանման բումը։ Կարեւոր է, որ մեր տնտեսությունը լինի այնքան զարգացած ու արդիական, որ նման երեւույթները տնտեսական գործոնների մեջ այնքան նշանակալի դեր եւ ազդեցություն չունենան, ինչպես որ ունենում են ներկայում։
Գեւորգ Ավչյան