Հայկական ֆուտբոլում տեղի է ունենում նախադեպը չունեցող երկու գործընթաց, որոնք ավելի են խորացնում առկա պառակտումն ու ճգնաժամը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) անդամ ակումբները հայտարարություններ են տարածում՝ ի պաշտպանություն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, իսկ ազգային հավաքականի եւ տարբեր ակումբների երկրպագուական՝ ֆան շարժումներ ազգային առաջնության յուրաքանչյուր հանդիպումից առաջ մտնում են մարզադաշտ եւ պահանջում Մելիքբեկյանի հրաժարականը:
Հայաստանի ազգային հավաքականի անհաջող ելույթներից, գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին տգեղ ձեւով, առանց հաջողություն մաղթելու եւ շնորհակալություն ասելու հեռացնելուց հետո երկրպագուական շարժումների՝ Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին միացան Բարձրագույն խմբի երեք ակումբներ՝ Երեւանի «Փյունիկը», «Ուրարտուն» եւ Գյումրու «Շիրակը»:
«Փյունիկի» սեփականատերը Արթուր Սողոմոնյանն է, «Ուրարտու» ակումբինը՝ Ջեւան Չելոյանցը, երկուսն էլ՝ Ռուսաստանից, իսկ «Շիրակ»-ինը՝ հայաստանցի գործարար Արման Սահակյանը:
Մի քանի օր անց, ի պաշտպանություն Մելիքբեկյանի, սկսեցին հանդես գալ ՀՖՖ անդամ այն ակումբները, որոնք ֆուտբոլային կառույցի ղեկավարի վերջին ընտրություններում՝ 2023 թվականի դեկտեմբերին, քվեարկել են հօգուտ Մելիքբեկյանի: Դա համատեղ հայտարարություն էր, որի տակ դրված էր ՀՖՖ անդամ միանգամից 26 ակումբների ստորագրություն: Այս պահին ՀՖՖ անդամ ակումբների թիվը 31 է:
Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ երեք առաջատար ակումբներ չեն միացել այդ հայտարարությանը: Թե ինչպես է նրանց անունը հայտնվել 26-ի ցուցակում, հայտնի չէ:
Մելիքբեկյանին մեկ տարի առաջ չեն ընտրել այդ պահին ՀՖՖ անդամ միայն երեք ակումբներ՝ «Փյունիկը», «Ուրարտուն» եւ մարզային փոքր ակումբներից մեկը, իսկ «Նոան» եւ «Շիրակը» չեն մասնակցել ընտրություններին, ինչը ֆեդերացիայի ղեկավարության հանդեպ դժգոհության ու բողոքի ձեւ էր:
Նոյեմբերի 3-ի ուշ երեկոյան «Նոան» տարածեց հայտարարություն, որում հիշեցվում էր, որ ակումբը չի մասնակցել ՀՖՖ նախագահի վերջին՝ 2023 թվականի ընտրություններին, այն է՝ չի ընտրել Մելիքբեկյանին։ Մյուս կողմից՝ ակումբը հիշեցնում է.
«Հայաստանում կան պրոֆեսիոնալ եւ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով գտնել լուծումներ։ Հայկական ֆուտբոլի առջեւ ծառացած խնդիրների քննարկման եւ լուծման գործում «Նոան» կարեւորում է նաեւ ֆուտբոլասերների եւ մեր սիրելի երկրպագուների մասնակցությունը՝ գնահատելով վերջիններիս ջանքերը։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ եւ քաղաքակիրթ ձեւով բանակցել ու հասնել փոխըմբռնելի լուծումների»։
«Նոա»-ի նոր սեփականատերը Digitain ընկերությունների խմբի եւ Armenia Wine ընկերության ղեկավար Վարդգես Վարդանյանն է:
Միանշանակ չէ «Արարատ-Արմենիա»-ի կեցվածքը: «Տաշիր գրուպի»՝ ռուսահայ հայտնի գործարար եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ակումբը 2023 թվականի դեկտեմբերին քվեարկել է Արմեն Մելիքբեկյանի օգտին, ավելին՝ որպես գործկոմի անդամ առաջադրել այս պահին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի թեկնածությունը: «Արարատ-Արմենիա»-ի ներկա եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մի շարք առիթներով հրապարակային ցույց է տվել իր բացասական վերաբերմունքը ՀՖՖ գործող ղեկավարության եւ մասնավորապես Մելիքբեկյանի հասցեին: Հատկանշական է, որ «Արարատ-Արմենիա»-ի ֆան ակումբը միացել է Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին:
Բարձրագույն խմբի մեկ այլ ակումբ՝ Չարենցավանի «Վանը», որի սեփականատերերը ռուսահայ գործարարներ են, մինչեւ այս պահը որեւէ հայտարարություն չի տարածել, այն է՝ ո՛չ միացել է Մելիքբեկյանի հրաժարականը պահանջող եռյակին, ո՛չ էլ աջակցող 23-ին: ՀՖՖ անդամ եւ քվեարկելու իրավունք ունեցող 31 ակումբներից միայն մարզային երկու փոքր ակումբներ չեն տարածել որեւէ հայտարարություն՝ ի պաշտպանություն Մելիքբեկյանի կամ նրա հրաժարականի պահանջով:
Ուշագրավ դեպք տեղի ունեցավ երեկ երեկոյան: Fast TV-ն՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղերի միակ հեռարձակողը, ամբողջ օրվա ընթացքում ազդարարում էր եւ կտորներ ցուցադրում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի հետ հարցազրույցից, սակայն սպասված ժամին այն եթեր չգնաց: Հեռուստատեսությունը բացատրեց, որ դա պայմանավորված էր Իտալիայի Ա սերիայի «Ինտեր»-«Վենեցիա» խաղին չխանգարելու մտահոգությամբ: «Ինտեր»-ում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի հետ ՀՖՖ ղեկավարությունը ունի ոչ բարեկամական հարաբերություններ, եւ որի պատճառով մեր ժամանակների լավագույն հայ ֆուտբոլիստը չի խաղում հավաքականում, փոխարենը՝ փայլում է իտալական առաջնությունում:
Ակնհայտ է, սակայն, որ Նիկողոսյանի հարցազրույցը եթեր չի գնացել բոլորովին այլ պատճառներով:
Նախօրեին տեղի էր ունեցել մեկ այլ ուշագրավ դեպք: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը տարածեց հայտարարություն, որով արգելում է Fast TV-ին Գյումրու քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում: Ակումբն իր այդ որոշումը բացատրել էր այսպես.
«Հայաստանի առաջնության խաղերի միակ հեռարձակող Fast TV-ն, որը մասնավոր հեռուստաընկերություն է, հյուսիսկորեական հեռուստատեսության «լավագույն» ավանդույթների համաձայն՝ փաստացի ստանձնել է ՀՖՖ ղեկավարության աղետաբեր գործունեությունը սրբագրողի դերը։ Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը։ Այս ֆոնին Fast TV-ն որոշել է նաեւ հարթակ տրամադրել իրականության զգացումը կորցրած ՀՖՖ դեռ գործող ղեկավարությանը, մինչդեռ այսօր ասելիք ունեն մոտ մեկ ամիս հրաժարականի պահանջով հանդես եկող երկրպագուներն ու նրանց պահանջը կիսող ակումբները։ Վերջիններից ոչ մեկին այս ընթացքում Fast TV-ն հարթակ չի տրամադրել։ Fast TV-ի նման դիրքավորումն ընդունում ենք ի գիտություն եւ արգելում Գյումրու քաղաքային ստադիոնից իրականացնել ուղիղ հեռարձակումներ»։
Հայկական ֆուտբոլում շարունակվող ճգնաժամն ու պառակտումը նոր հանգրվան կմտնեն՝ կախված նրանից, թե ինչ արդյունքներ ցույց կտա Հայաստանի ազգային հավաքականը առաջիկա երկու խաղերում. տանը՝ Ֆարերյան կղզիների, իսկ դրսում՝ Լատվիայի ընտրանու հետ:
Լավ արդյունքների դեպքում սպասվում է, որ Մելիքբեկյանի եւ ՀՖՖ գործող ղեկավարության դիրքերը ավելի ամուր կլինեն, իսկ նախորդ ձախողումների մեղքը կուղղվի դեպի Պետրակովը, մինչդեռ վատ արդյունքների դեպքում ճնշումն ու հրաժարականի պահանջը ավելի կմեծանան՝ անկախ նրանից, որ Հայաստանի իշխանությունները բացահայտ եւ դեմոնստրատիվ աջակցում ու պաշտպանում են Արմեն Մելիքբեկյանին ու նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանին:
Վերջինս երկար տարիներ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական մեկնաբանը, իսկ Արմեն Մելիքբեկյանին եւ Նիկոլ Փաշինյանին միավորում է նաեւ տեղական հայրենասիրությունը՝ Իջեւանի շրջանից լինելու իրողությունը:
Անկախ նրանից, թե ինչ արդյունքներ կգրանցի ազգային հավաքականը առաջիկա օրերին կայանալիք Ազգերի լիգայի վերջին երկու խաղերում, հայկական ֆուտբոլում առկա պառակտումն ու ճգնաժամը կմնան, քանի որ դրանք շատ խորն են եւ պայմանավորված չեն միայն Մելիքբեկյանով ու Նիկողոսյանով, թեեւ նրանց հայտարարությունները, հատկապես ՀՖՖ նախագահի վերջին տեքստը, ավելի են սրում իրավիճակը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։