Գազայի հատվածում եւ Լիբանանում հրադադար հաստատելու Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հրեական պետությանը պատասխան հարված տալու Իրանի որոշման վրա: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Նրանք [իսրայելցիները] շատ լավ գիտեն, որ եթե Իրանի Իսլամական Հանրապետության դեմ որեւէ սխալ թույլ տան, կստանան ջախջախիչ պատասխան։ Միայն իրենց վարքագծի վերանայումը, հրադադարի համաձայնությունը եւ տարածաշրջանում անմեղ մարդկանց սպանության դադարեցումը կարող են ազդել այն ամենի վրա, թե ինչպես մենք կարձագանքենք եւ ինչ ուժով»,-հայտարարել է Իրանի նախագահը, որի խոսքերը մեջբերում է իրանական IRNA գործակալությունը:
Տարածաշրջանում լարվածության սրման համար միակ պատասխանատու Փեզեշքիանը համարել է Իսրայելին, որը, նրա խոսքերով, «չնայած [Թեհրանի] զսպվածությանը եւ որոշ երկրների խորհուրդներին, […] շարունակեց իր հանցագործությունները եւ ընդլայնեց իր ագրեսիայի մասշտաբները»։
Նոյեմբերի 2-ին The Washington Post-ը հայտնեց, որ Իսրայելը պատրաստվում է առաջիկա օրերին հետ մղելու Իրանի հարձակումները։ Նույն օրը Իրանի Մեջլիսի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին էլ հայտարարեց, որ երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը արդեն կայացրել է Իսրայելին պատասխան հարված հասցնելու որոշումը, որը բոլոր նախորդներից կլինի շատ ավելի հզոր եւ կիրականացվի «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի եւ Գազայի հատվածում նրա մյուս դաշնակիցների, Իրաքի իսլամական դիմադրության շիայական զորամիավորումների, ինչպես նաեւ Եմենի «Անսար Ալլահ»-ի ներգրավմամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց Իրանում տեղակայված ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, որը, ըստ բանակի հաղորդագրության, իրականացվել է ի պատասխան «բազմաթիվ շարունակական հարձակումների»։ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ հարձակման էին ենթարկվել Իլամ, Թեհրան եւ Խուզեստան նահանգներում տեղակայված ռազմական օբյեկտները, սակայն վնասը ունեցել է սահմանափակ բնույթ, իսկ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են հաջողությամբ կասեցնել հիմնական հարվածը։ Ավելի ուշ Իրանի բանակն էլ տեղեկացրեց, որ հարվածների հետեւանքով զոհվել է առնվազն չորս իրանցի զինծառայող։