Հարավկորեական Korea Herald թերթը, հղում կատարելով Ռուսաստանում Հարավային Կորեայի նախկին դեսպանին, հայտնում է, որ զինամթերքի մատակարարման եւ ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար զորք ուղարկելու դիմաց Հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ-Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) իշխանությունները Մոսկվայից տարեկան կստանան մոտ 600-700 տոննա բրինձ եւ հասանելիություն առաջադեմ տիեզերական տեխնոլոգիաներին:
Նախկին դեսպան Վի Սոն Լակը, որը, ըստ թերթի, տեղեկություններ է ստացել Հարավային Կորեայի հետախուզությունից, հայտնել է, որ նախկինում Մոսկվան Փհենյանին մատակարարում էր տարեկան 50 հազարից 100 հազար տոննա բրինձ, իսկ այժմ այդ մատակարարումները կհասցվեն 600-700 հազար տոննայի։
Ըստ դիվանագետի՝ ԿԺԴՀ-ն հայտարարում է, որ տարեկան բերքահավաքի արդյունքում ունենում է շուրջ 4 միլիոն տոննա հացահատիկ, մինչդեռ դա 1 միլիոն տոննայով պակաս է երկրի կարիքների բավարարման համար անհրաժեշտ քանակից։ Այսպիսով՝ Ռուսաստանից ստացվող մատակարարումները կարող են Փհենյանին օգնել լրացնելու հացահատիկի պակասի կեսից ավելին։
Լակը նաեւ նշում է, որ Ռուսաստանը Փհենյանին կօգնի նաեւ տիեզերական տեխնոլոգիաների հարցում, որը պատրաստվում է նոր հետախուզական արբանյակ արձակելու՝ հագեցած ոլորտի առաջադեմ տեխնոլոգիաներով։ Սակայն Մոսկվայի հետ գործարքի ամենակարեւոր մասը, ըստ նախկին դեսպանի, այն է, որ Կորեական թերակղզում պատերազմի բռնկման դեպքում Փհենյանը կարողացել է իր համար ապահովել Ռուսաստանի ռազմական աջակցությունը։
«Հյուսիսային Կորեան, ինչպես բոլորն այժմ գիտեն, պատերազմում է Ռուսաստանի կողմից: Եթե Կորեական թերակղզում երբեւէ պատերազմ սկսվի, ապա Հյուսիսային Կորեան կարող է հույս դնել Ռուսաստանի օգնության վրա»,- նշել է Վի Սոն Լակը:
Հոկտեմբերի կեսերին հարավկորեական հետախուզությունը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ից զինվորականներ են ուղարկվել Ռուսաստան՝ մասնակցելու Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նրանց հաշվարկներով՝ խոսքը 12 հազար զինվորականի մասին է։ Պենտագոնի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան 10 հազար զինվոր է ուղարկել Ռուսաստանի Դաշնություն։
Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել էր, որ շուրջ ութ հազար հյուսիսկորեացի զինվոր արդեն Կուրսկի մարզում է։ Ըստ նրա՝ Վաշինգտոնն ակնկալում է, որ այդ զինվորները մոտ օրերս կսկսեն մասնակցել ռազմական գործողություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ «հյուսիսկորեական զորքերը դեռ մարտի չեն անցել, բայց դա օրերի հարց է, ոչ թե ամիսների»։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է այս տեղեկությունները։ Նա ասել էր, որ Մոսկվան «երբեք չի կասկածել», որ ԿԺԴՀ ղեկավարությունը «լրջորեն է վերաբերվում» Ռուսաստանի հետ ձեռք բերած պայմանավորվածություններին։