Հոկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայերին։ Այս մասին, APA գործակալության փոխանցմամբ, հայտնել է ԿԽՄԿ-ի Բաքվի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։
Նշվում է, որ կալանավորների հետ անցկացվել են անհատական հանդիպումներ, եւ պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։
APA-ի հրապարակման մեջ այլ մանրամասներ չեն նշվում, չի նշվում նաեւ ԿՄԽԿ-ի կալանավորներին այցելության հստակ ժամանակահատվածը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո գերեվարվել է 16 անձ, որոնց թվում են եղել նաեւ արցախցի 8 պաշտոնյաներ` նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։
Բաքուն նրանց մեղադրում է, այսպես կոչված, «ապօրինի զինված խմբավորումների կազմավորման», «անջատողականության», «ահաբեկչության» եւ նման այլ ծանր հոդվածներով։
Պաշտոնական տվյալների համաձայն` այժմ Ադրբեջանում գերության մեջ պահվում է ընդհանուր 23 հայ։