Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն անվանել է «հարյուրամյակի վատթարագույն ցեղասպանություններից մեկը», որը, ըստ նրա, նախորդ տարվա հոկտեմբերից մինչ այժմ խլել է շուրջ 50.000 մարդու կյանք:
«Մեր վերջին հանդիպումից հետո մենք անցանք ամբողջ մարդկության եւ հատկապես մուսուլմանների համար ծանր փորձությունների միջով։ Իսլամական աշխարհագրությունը դարձել է արյան, ցավի, արցունքների եւ դաժանության հոմանիշ, ինչպիսին երբեք չի եղել իր պատմության ընթացքում: Վերջին հարյուրամյակի վատթարագույն ցեղասպանություններից մեկը տեղի է ունենում հենց մեր կողքին՝ Գազայում։ Գազայի վրա Իսրայելի հարձակումներով սկսված ջարդերի հետեւանքով նահատակվել են 50 հազար պաղեստինցի եղբայրներ։ Նույն հարձակումներից վիրավորվել են մեր ավելի քան 100 հազար պաղեստինցի եղբայրներ։ Մեր նահատակների եւ վիրավորների երկու երրորդը կանայք, երեխաներ եւ նորածիններ են»,- ասել է Թուրքիայի նախագահը Ստամբուլում անցկացվող Տնտեսական եւ առեւտրային համագործակցության մշտական հանձնաժողովի 40-րդ նիստի իր ելույթում։
Էրդողանի խոսքերով՝ Գազայի եւ Լիբանանի դեմ Իսրայելի «ագրեսիայի» լավագույն պատասխաններից մեկը կլինի Պաղեստին պետության հնարավորինս շատ ճանաչումը։
Թուրքիայի նախագահը կոչ է արել իսլամական աշխարհի երկրներին «մի կողմ դնել տարաձայնությունները եւ աջակցել Պաղեստինի եւ Լիբանանի ժողովրդին արդար պայքարում»։
Էրդողանը նաեւ ասել է, որ Գազայի ճգնաժամի սկզբից ի վեր Թուրքիան Եգիպտոսի տարածքով ավելի քան 85 հազար տոննա մարդասիրական օգնություն է մատակարարել տարածաշրջան։ Նա հիշեցրել է, որ իր երկիրը դադարեցրել է առեւտուրն Իսրայելի հետ եւ միացել է Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին։