Գերմանիան մոտ ապագայում Ուկրաինային 170 միլիոն եվրո օգնություն կհատկացնի։ Այս մասին հայտարարել է այցով Կիեւում գտնվող Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։ Գումարը պետք է ուղղվի երկրի էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնմանն ու աջակցությանը, որը մեծապես տուժել է ռուսական ռմբակոծություններից։
Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան իր աջակցությամբ հակազդում է «Պուտինի դաժանությանը», որպեսզի ուկրաինացիները «ոչ միայն կարողանան գոյատեւել ձմռանը, այլ նաեւ պահպանեն իրենց երկրի գոյությունը»: Նա նաեւ վստահեցրել է, որ Բեռլինը կշարունակի աջակցել ուկրաինացիներին ինչպես ռազմական, այնպես էլ հումանիտար ոլորտում, քանի դեռ նրանք ունեն Գերմանիայի կարիքը։
Ձմռան նախաշեմին Կիեւում էներգետիկ ճգնաժամի մտավախություն կա։ Ռուսական ռմբակոծությունների եւ հրետակոծությունների պատճառով ավերվել կամ վնասվել են բազմաթիվ էլեկտրակայաններ եւ էլեկտրահաղորդման գծեր։
Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գենադի Ռյաբցեւի խոսքով՝ ձմռանը տներին եւ ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի մատակարարումները, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվեն օրական 8-14 ժամով։ Ուկրաինայի կառավարության էներգետիկ հարցերով խորհրդական Ալեքսանդր Խարչենկոն կարծում է, որ սաստիկ սառնամանիքների եւ էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական ռմբակոծման դեպքում Կիեւում հոսանքազրկումները կարող են հասնել մինչեւ 20 ժամի։ Դա կարող է Եվրոպային սպառնալ ուկրաինացի փախստականների նոր ալիքով։