Հյուսիսային Կորեան (ԿԺԴՀ-Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն) մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են հարավկորեական Yonhap եւ ճապոնական Kyodo News գործակալությունները՝ հղում կատարելով իրենց երկրների զինվորականներից ստացված տեղեկությանը։
Հարավային Կորեայի շտաբի պետերի միացյալ վարչությունը հայտնել է, որ արձակումները նկատել են տեղական ժամանակով առավոտյան 7:30-ին Հյուսիսային Հվանհե նահանգի Սարիվոն շրջանից:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն էլ հայտնում է, որ արձակումները գրանցվել են տեղական ժամանակով 7։30-7։39-ն ընկած հատվածում։ Ըստ ճապոնական կողմի՝ արձակված հրթիռների թիվը հասել է մինչեւ 7-ի։ Նշվում է, որ հրթիռները հասել են 100 կիլոմետր բարձրության, իսկ հեռահարությունը եղել է շուրջ 400 կիլոմետր։ Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս՝ Կորեական թերակղզու արեւելյան առափնյա շրջաններում։
Ճապոնիայի, ԱՄՆ-ի եւ G7 երկրների իշխանությունները դատապարտել են հրթիռների արձակումը։ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել է, որ ԿԺԴՀ «գործողությունները սպառնում են Ճապոնիայի, տարածաշրջանի եւ միջազգային հանրության խաղաղությանը եւ անվտանգությանը», ինչպես նաեւ խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը:
Ինչպես նշում է Kyodo-ն, արձակումները տեղի են ունեցել նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ եւ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի համատեղ զորավարժություններից անմիջապես հետո։
Միաժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որ զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը, Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն թույլ չի տա թերակղզում ռազմական ուժերի հավասարության խախտում։
«Այսօր Կորեական թերակղզում եւ տարածաշրջանում թշնամիների ու մեր միջեւ ուժի հավասարության խախտումը անմիջապես նշանակում է պատերազմ, սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել։ Հիշեցնում եմ, որ Միացյալ Նահանգները եւ նրա արբանյակները միայն այս տարի ավելի քան 20 անգամ տարբեր հանդիպումներ են անցկացրել, որոնք ենթադրում էին մեր պետության դեմ միջուկային զենքի կիրառում։ Նաեւ համապատասխան միջոցառումների շրջանակում Հանրապետության դեմ զորավարժություններ են իրականացվել մի ամբողջ տարի շարունակ՝ հարյուրավոր ու տասնյակ անգամներ»,- հայտարարել է Կիմ Յո Չժոնը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Հյուսիսային Կորեան փորձարկեց Hwasong-19 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Հրթիռը հասել է 7000 կիլոմետր բարձրության, իսկ թռիչքի հեռահարությունը եղել է 1000 կիլոմետր։ Նշենք, որ թե՛ ԿԺԴՀՆ եւ թե՛ Հարավային Կորեան եւ Ճապոնիան հայտարարեցին, որ սա ամենահեռահար հրթիռն էր, որը Փհենյանը երբեւէ արձակել էր։