Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել ՀԴԿ ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ԿԸՀ-ում ստացվել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության գրությունը, ըստ որի՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրացուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը վերջին չորս տարում Հայաստանում մշտապես չի բնակվել, հետեւաբար չունի ընտրվելու իրավունք:
Ըստ Մուկուչյանի՝ նման եզրահանգման է հանգել նաեւ ԿԸՀ-ն՝ սույն վարույթի շրջանակում առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ, ու հավելել, որ Արզաքանցյանը դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005-ը բացակայել է Հայաստանից:
Մուկուչյանը նշել է, որ փաստաթղթերում հիմնական խնդիրը վերաբերել է երկու տեղեկանքի, որոնց կապակցությամբ բուհի ռեկտորի ներկայացրած գրությամբ, ըստ էության, հերքվել է նախորդ գրությունների բովանդակությունը:
Անհամապատասխանություն ուսանելու տարեթվերի հետ
ԸՕ-ով սահմանվել է, որ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվող չի համարվում, եթե լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից առնվազն 731-ը բացակայել է ՀՀ-ից:
Սահմանվել է նաեւ ՀՀ-ից բացակայությունը հարգելի համարելու երկու հիմք: Դրանցից մեկն էլ արտերկրի բուհում ուսումնառությունն է: Կատարված ուսումնասիրություններով հերքվել են Արզաքանցյանի՝ Մոսկվայում ուսումնառության տարեթվերի վերաբերյալ գրառումները:
Էլեկտրոնային քվեարկության ժամկետը
ԿԸՀ-ի նիստում Արզաքանցյանի անունից հանդես եկած փաստաբան Վահե Հովսեփյանը նշել է, որ փաստաթղթերում անճշտություններ կան, եւ համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու համար խնդրել է լրացուցիչ 24 ժամ:
Սակայն Մուկուչյանը հիշեցրել է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների, այդ թվում հաջորդ օրը՝ հունիսի 11-ին էլեկտրոնային քվեարկության մեկնարկի մասին:
«Ժամկետի տրամադրմամբ պայմանավորված՝ մենք կարող ենք հայտնվել օրենսդրական փակուղում: Անկեղծորեն, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է մեկնարկել գործընթաց, որի կեսից կարող է կանոն փոխվել»,- նկատել է ԿԸՀ նախագահը:
Երկարատեւ քննարկումներից հետո Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ-ի նիստում ընդունվել է 5 կողմ, 1 դեմ ձայներով: