Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երեւան՝ հայկական կողմի հետ մշակելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ծրագիրը: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում, այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
«Նոյեմբերի 5-6-ը Երեւանում է Եվրամիության պատվիրակությունը, որպեսզի մշակենք համապատասխան բանակցությունների ծրագիրը»,- նշել է փոխարտգործնախարարը:
Հովհաննիսյանը նաեւ ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր:
Նրա խոսքերով՝ 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, ինչպես նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր:
Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ «Դիմակայություն եւ աջ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: