Ռուսաստանն անում է ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Մենք արել եւ անում ենք ամեն ինչ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու եւ Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք ամենաբարձր մակարդակով կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-2022 թվականների հայտնի եռակողմ համաձայնագրերի համապատասխան»,- նշել է Ռուսաստանի նախագահը։
ՌԴ նախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման վրա։
«Չեմ կարող չհայտնել իմ գոհունակությունը, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում BRICS գագաթնաժողովի հարթակից եւ օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության եւ ազգամիջյան ներդաշնակության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Կազանում BRICS-ի XVI գագաթնաժողովի «Աուտրիչ/BRICS+» ձեւաչափով նիստի ընթացքում կայացել էր Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպումը։
Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետի աշխատակազմը եւ Ադրբեջանի նախագահականը տարածեցին նույնաբովանդակ հայտարարություններ՝ մասնավորապես նշելով, որ կողմերը քննարկել են երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր՝ ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, սահմանագծումը եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Նաեւ նշվում էր, որ արտգործնախարարներին հանձնարարվել է շարունակել «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցությունները՝ հնարավորինս սեղմ ժամկետում այն վերջնականացնելու եւ կնքելու նպատակով։