Հայաստանը այսօր՝ նոյեմբերի 5-ին, ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 31-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ անհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։
Ադրբեջանական կողմն էլ բազմիցս է տարբեր մակարդակներով կատարված հայտարարություններում նշել, որ Հայաստանն իր ուղարկած վերջին առաջարկներին պատասխանել է շուրջ 70 օր անց, ինչը Բաքվին ստիպում է թերահավատորեն մոտենալ խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված Երեւանի քայլերի անկեղծությանը։ Բացի այդ՝ Ադրբեջանը՝ նախագահ Իլհամ Ալիեւի մակարդակով, նաեւ հստակեցրել է, որ կստորագրի միայն պայմանագրի ամբողջականորեն համաձայնեցված տեքստը։