Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը նախօրեին Փարիզում կայացած հանդիպման արդյունքով ընդունած համատեղ հայտարարության մեջ իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Նրանք իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ պայմանագրի հնարավորինս արագ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը»,-ասվում է ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ Ֆրանսիայի եւ Ղազախստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ։
Դրանում նաեւ նշվում է, որ նախագահներն ընդգծել են Անդրկասպյան միջանցքի զարգացման համար Հարավային Կովկասում կայունության հաստատման կարեւորությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն)։
Դեռեւս օգոստոսի 31-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, որ Երեւանը օգոստոսի 30-ին խաղաղության պայամանագրի շուրջ նոր առաջարկ է ներկայացրել Բաքվին՝ ընդգծելով, որ հայկական կողմը առաջարկում է ամբողջացնել արդեն համաձայնեցված կետերը եւ ստորագրել պայմանագիրը, իսկ անհամաձայնեցված հատվածների քննարկումները թողնել հետագային։